Մակրոնը և Զելենսկին ստորագրել են համաձայնագիր անվտանգության երաշխիքների մասին

Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահներ Էմանուել Մակրոնը և Վլադիմիր Զելենսկին Փարիզում հանդիպման ժամանակ ստորագրել են համաձայնագիր Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին, տեղեկացրել է Euronews-ը։ Մինչ այդ Ուկրաինայի նախագահը նման պայմանագրեր էր կնքել Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի հետ։

«Ես կցանկանայի մեկ անգամ ևս ընդգծել, որ Ֆրանսիան կշարունակի աջակցել Ուկրաինային երկարաժամկետ հեռանկարի համար։ Դա է մեր ստորագրած տասնամյա համաձայնագրի նպատակը, որը գործելու է այնքան ժամանակ, մինչև որ Ուկրաինան մտնի ՆԱՏՕ»,- հայտնել է Էմանուել Մակրոնը։

Համաձայնագրի շրջանակում Փարիզը  Ուկրաինային կտրամադրի 3,24 մլրդ եվրոյի (2023-ին 2,1 մլրդ և 2022-ին՝ 1,7 մլրդ եվրոյից հետո) լրացուցիչ ռազմական օգնություն, ինչպես նաև Կիև կուղարկի սպառազինություններ և կմասնակցի Ուկրաինայի ԶՈւ զինվորների և սպաների ուսուցանմանը։

Պայմանագրի նպատակներից մեկն ուկրաինական բանակը ՆԱՏՕ-ի հետ ավելի համատեղելի դարձնելն է և Ուկրաինային անհրաժեշտ ամեն ինչ տրամադրելը, որպեսզի նա կարողանա շարունակել պաշտպանել իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։