ՀՀ աշխատաշուկայում զբաղվածների շուրջ 25%-ը ՓՄՁ սուբյեկտների աշխատակիցներ են. ՄՊՀ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2023 թվականին հինգ առանցքային շուկաների շարքում ուսումնասիրել է ՓՄՁ (Փոքր և միջին ձեռնարկատիրություն) սուբյեկտների ֆինանսավորման ոլորտը՝ հաշվի առնելով ՓՄՁ-ների նշանակալի դերը ՀՆԱ-ի ձևավորման, զբաղվածության և հարկային մուտքերի ապահովման համար, ինչպես նաև ՓՄՁ սուբյեկտների և վերջիններիս հետ առնչվող կառույցների կողմից բարձրաձայնված խնդիրները: Այս մասին տեղեկացնում է ՄՊՀ-ը:
Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է․
- ՓՄՁ սուբյեկտների գործունեության ոլորտն ընդհանուր առմամբ ունի աճի և զարգացման միտում։ Դիտարկվող ժամանակահատվածում (2020-2022թթ.) շուրջ 35%-ով ավելացել է ՓՄՁ սուբյեկտների թվաքանակը (44 142-ից հասնելով 60 999), 76%-ով՝ վերջիններիս շրջանառությունը (2729 մլրդ դրամից հասնելով 4805 մլրդ դրամի), հետևաբար՝ նաև նրանց կողմից վճարված հարկերը (+63%)։ ՀՀ աշխատաշուկայում զբաղվածների շուրջ 25%-ը հանդիսանում են ՓՄՁ սուբյեկտների աշխատակիցներ, որոնց թվաքանակը ևս ունեցել է աճման միտում (+29%՝ 222 048-ից հասնելով 286 046-ի)։
- ՓՄՁ սուբյեկտները հիմնականում գործունեություն են ծավալում մանրածախ առևտրի (միջինում 30%), սպասարկման անհատական ծառայությունների մատուցման (8%), մեծածախ առևտրի (7%) ոլորտներում:
- Համաձայն Հանձնաժողովի իրականացրած հարցման արդյունքների՝ ՓՄՁ սուբյեկտները սեփական և այլ միջոցներից բացի ներգրավում են նաև բանկային միջոցներ (հարցվածների 72%-ը), որի առնչությամբ ՓՄՁ-ների կողմից նշված հիմնական խոչընդոտներն են՝ գրավադրման պարտադիր պահանջը (հարցվածների 27%-ը), բարձր տոկոսադրույքները (հարցվածների 25%-ը) և բանկային երաշխավորությունների պահանջը (հարցվածների 20%-ը)։

