Ամերիկյան հայտնի լրագրող Թաքեր Կառլսոնի հարցազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
Ամերիկյան հայտնի լրագրող Թաքեր Կառլսոնի հարցազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հրապարակվել է փետրվարի 8-ին։ Այս մասին լրագրողը հրապարակում է արել X սոցիալական ցանցում:
Լրագրողը Պուտինի հետ հարցազրույց է վարել փետրվարի 7-ին, իսկ փետրվարի 8-ի գիշերն արդեն մեկնել է Ռուսաստանից։
Կառլսոնը հայտնել է, որ կփորձի հարցազրույցի պայմանավորվածություն ձեռք բերել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։
Վլադիմիր Պուտինի՝ Թակեր Կարլսոնին տված հարցազրույցի հիմնական դրվագները․
Հարցին, թե ինչպես կարելի է ավարտել պատերազմն Ուկրաինայում, Պուտինը պատասխանել է, որ հենց որ ԱՄՆ-ն դադարեցնի զինել Ուկրաինային, պատերազմը կավարտվի։ Հյուսիսային հոսքերը, ըստ Պուտինի, պայթեցրել է ԱՄՆ ԿՀՎ-ն։ Պուտինը մի քանի րոպե հատկացրել է նկարագրելու այն խնդիրները, որոնց մեջ խրված է Ամերիկան։
Հարցազրույցի ժամանակ Պուտինը խոսել է նոր համաշխարհային պատերազմի սպառնալիքի մասին:
«ՆԱՏՕ-ի երկրները խոսում են գլոբալ պատերազմի և միջուկային հակամարտության մասին և փորձում են վախեցնել իրենց բնակչությանը ռուսական երևակայական սպառնալիքով։ Սա ակնհայտ փաստ է։ Եվ մտածող մարդիկ՝ ոչ թե սովորական մարդիկ, այլ մտածող մարդիկ, վերլուծաբանները, իրական քաղաքականությամբ զբաղվողները, պարզապես խելացի մարդիկ, հիանալի հասկանում են, որ սա կեղծ է։ Ռուսական սպառնալիքը ուռճացվում է: Ռուսաստանն իր զորքերը Լեհաստան կուղարկի միայն մեկ դեպքում՝ եթե Ռուսաստանի վրա հարձակում լինի Լեհաստանից։ Ինչո՞ւ։ Որովհետև մենք շահեր չունենք ո՛չ Լեհաստանում, ո՛չ Լատվիայում՝ ոչ մի տեղ։ Մեր ինչի՞ն է դա պետք: Մենք ուղղակի շահեր չունենք։ Պարզապես սպառնալիքներ»,- նշել է ՌԴ նախագահը:
Պուտինը խոսել է նաև «Հյուսիսային հոսք» գազատարի պայթյունների մասին:
«Ո՞վ է պայթեցրել «Հյուսիսային հոսքը»: Դուք, իհարկե: Դուք անձամբ կարող եք ալիբի ունենալ, բայց ԿՀՎ-ն նման ալիբի չունի: Կա՞ն ապացույցներ։ Գիտե՞ք, չեմ մանրամասնի, բայց նման դեպքերում միշտ ասում են՝ փնտրիր նրան, ով շահագրգռված է։ Բայց այս դեպքում մենք պետք է փնտրենք ոչ միայն շահագրգռվածին, այլ նաև նրան, ով կարող է դա անել: Որովհետև շահագրգիռ շատերը կարող են լինել, բայց ոչ բոլորը կարող են մտնել Բալթիկ ծովի հատակը և իրականացնել այս պայթյունը»,-նշել է Պուտինը։
Խոսելով Ուկրաինայի հետ բանակցությունների մասին՝ Պուտինը նշել է. «Ուկրաինայի պարոն նախագահը հրամանագիր է հրապարակել, որով արգելում է բանակցությունները մեզ հետ։ Թող նա չեղարկի այս հրամանագիրը, և վերջ։ Մենք երբեք չենք հրաժարվել բանակցություններից: Մենք անընդհատ լսում ենք՝ Ռուսաստանը պատրա՞ստ է: Այո, մենք չենք հրաժարվել, նրանք են հրապարակայնորեն հրաժարվել։ Դե, թող չեղարկի իր հրամանագիրը և գնա բանակցությունների։ Մենք երբեք չենք հրաժարվել»։
Հարցազրույցը ամբողջությամբ՝ այստեղ:

