Լավ եք անում, բայց եթե նույնը չեք անում Աշոտյանի դեպքում՝ պրոբլեմ եք ունենալու․ Աղվան Վարդանյանը՝ Գրիգոր Մինասյանին
«Առաջին անգամ ապրեք, լավ բան եք անում, որ միջնորդում եք դեռատի կանանց, վաստակավոր գործարարի կալանավորման ապուշ որոշման դեմ, բերեք, ես էլ ստորագրեմ, բայց եթե նույնը չեք անում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, մյուս քաղբանտարկյալների, գեներալների դեպքում, ապա պրոբլեմ ունեք և ունենալու եք։ Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
«Վերջերս պատգամավորներով երաշխավորություն էինք ներկայացրել Արմեն Աշոտյանի համար, մեջբերում դատավոր Դոլմազյանի որոշումից․ «Աշոտյանը տարաբնույթ կապեր ունի, այդ թվում՝ ԱԺ-ում, որոնք կարող է օգտագործել խոչընդոտելու և միջամտելու համար»։ Դոլմազյանի հակաիրավական արձանագրումը․ «ԱԺ-ում Աշոտյանի կապերի մասին է վկայում ՀՀ ԱԺ գործող 9 պատգամավորների կողմից Արմեն Աշոտյանի համար ներկայացված երաշխավորությունը»»,- նշեց Աղվան Վարդանյանը՝ հարց ուղղելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին, թե ինքն ինչպե՞ս կմեկնաբանի դատավոր Դոլմազյանի միտքը։
«Եթե ձեր իրավաբանը կամ խորհրդատուն ասում է, որ դատավորը ինչ-որ բան սխալ է արել, ապա պետք չէ քաղաքական ելույթներ ունենալ, պետք է ձեր փաստաբանին տալ հանձնարարական՝ դիմել 2 օղակի, մեկը ինձ՝ որպես Արդարադատության նախարարի կարգապահականի դիմում ներկայացնել, եթե ինձ չեք վստահում, ապա վստահեք Էթիկայի հանձնաժողովին, որի կազմում կան բազմաթիվ փաստաբաններ, որոնք հենց ձեր ընկերների շահերն են պաշտպանում, ու տեսեք Էթիկայի հանձնաժողովը արդյոք վարույթ կհարուցի՞, թե ոչ»,- արձագանքեց Գրիգոր Մինասյանը։

