Բաքուն «երաշխիքներ» է խոստանում Լեռնային Ղարաբաղի հայերին
«Ադրբեջանը Ղարաբաղի տարածքում ապրող հայկական ծագում ունեցող քաղաքացիներին բարեկեցության համակողմանի երաշխիքներ է տրամադրում»։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետ, գեներալ-գնդապետ Ալի Նագիևն ասել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հետ հանդիպման ժամանակ։
«Գեներալ-գնդապետ Ալի Նագիևը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Ադրբեջանը միշտ շահագրգռված է տարածաշրջանում կայուն խաղաղության վերականգնմամբ։ Նա նշել է, որ Ադրբեջանի կառավարությունը համակողմանի երաշխիքներ է տալիս հայկական ծագում ունեցող քաղաքացիներին՝ խաղաղության պայմաններում ապրելու համար, պատմել է այն աշխատանքի մասին, որն իրականացնում է պետությունը նրանց իրավունքների և ազատությունների պաշտպանության համար, այն պայմանների մասին, որոնք Ադրբեջանը ստեղծում է հանուն տարածաշրջանի բարեկեցության, հուսալի կայունության, ինչպես նաև Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու և շտապ խաղաղության պայմանագիր կնքելու մասին»,- ԶԼՄ-ն մեջբերել է Նագիևի խոսքերը։

