Հայաստանցիները Pegasus-ով վարակված լինելու վերաբերյալ նոր ծանուցումներ են ստացել

Apple ընկերությունը հոկտեմբերի 30-ին կրկին ահազանգեր է տարածել իր օգտատերերի դեմ հարձակումների մասին և նոր թարմացում տարածել։ Տեղեկացնում են անվտանգության հարցերով փորձագետները։

Փորձագետ Ռուբեն Մուրադյանը մանրամասնում է. «Apple-ը նամակների ևս մեկ խմբաքանակ է ուղարկել Pegasus-ի հեռախոսները վարակելու մասին: Եթե նամակ եք ստացել պետության կողմից հովանավորվող հարձակվողների մասին, խնդրում ենք կապվել ինձ հետ կամ Cyberhub.am-ի հետ»։

Նշենք, որ այս տարվա մայիսին Amnesty International-ը  հայտարարեց՝ առնվազն 13 հայաստանցի հասարակական գործիչներ, այդ թվում՝ լրագրողներ և իրավապաշտպաններ հայտնվել են Pegasus լրտեսող ծրագրերի թիրախում։ Իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել էր նրանց անունները։

Օրեր առաջ ԵԽԽՎ-ն ընդունեց  2513 բանաձևը, ըստ որի վերջին զեկույցները բացահայտում են, որ Ադրբեջանը Pegasus լրտեսական ծրագրի միջոցով գաղտնալսել է 12 հայաստանցիների։ Ադրբեջանի կողմից գաղտնալսման զոհերի թվում նաև պետական պաշտոնյաներ են, իսկ գաղտնալսումն իրականացվել է  Հայաստան-Ադրբեջան հակամարտության շրջանակում։

«Անհերքելի  ապացույցներ կան, որ Ադրբեջանն ծրագիրն օգտագործել է, այդ թվում՝ Հայաստանի հետ հակամարտության ժամանակ»,-ասված է  բանաձևում։

Վեհաժողովը դա գնահատել է որպես անդրազգային նպատակային հսկողության օրինակ: