Իսրայելը կոչ է անում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հրաժարական տալ

ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Գիլադ Էրդանը հայտարարել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կտրված է իրականությունից և կոչ է արել նրան հրաժարական տալ։

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ով ըմբռնումով է մոտենում երեխաների, կանանց և ծերերի զանգվածային սպանությունների քարոզարշավին, ի վիճակի չէ ղեկավարել ՄԱԿ-ը: Ես կոչ եմ անում նրան անհապաղ հրաժարական տալ»,- Եվրանյուզի հաղորդմամբ՝ ասել է Գիլադ Էրդանը:

Իսրայելի կողմից քննադատությունը հնչել է այն բանից հետո, երբ Գուտերեշը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Մերձավոր Արևելքում իրավիճակի վերաբերյալ բաց բանավեճի ժամանակ ասել է, որ ՀԱՄԱՍ-ի հարձակումը «… տեղի չի ունեցել վակուումում, այլ հետևանք է օկուպացիայի, բնակավայրերի կառուցման, տնտեսական շրջափակման, տների ավերման և նրա, որ հակամարտության արդարացի լուծման հույսը մարում է»:

Իսրայելի արտգործնախարար Էլի Քոենը հայտարարել է, որ հրաժարվում է հանդիպել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ՝ Իսրայելի և «ՀԱՄԱՍ»-ի միջև հակամարտության վատթարացման կապակցությամբ:

«Ես չեմ հանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ, հոկտեմբերի 7-ից հետո հավասարակշռված մոտեցման տեղ չի մնացել, ՀԱՄԱՍ-ը պետք է ջնջվի աշխարհի երեսից», – գրել է նախարարը X (նախկինում՝ Թվիթեր) սոցիալական ցանցում։