Արցախցի 264 բուժառուից 97-ի վիճակը ծանր է, 12-ինը՝ ծայրահեղ ծանր (տեսանյութ)
«ԿԳՄՍ-ից փոխանցած տվյալներով, այսօր ժամը 11-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 11238 երեխա արդեն իսկ ընդգրկվել է կրթական հաստատություններում»,-ասուլիսում հայտարարեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ներկայացնելով բռնագաղթածներին Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:
Նա հայտնեց, որ որոշ արցախցիներ դիմում են այնպիսի դպրոցներ, որոնք լիցենզավորված հստակ աշակերտների թվաքանակ ունեն, դրանք լրացված են և վերջիններս ստիպված մերժում են դիմումները և ուղղորդում այլ դպրոցներ: Բաղդասարյանը խորհուրդ տվեց ըմբռնումով մոտենալ երևույթին, քանի որ այդ դպրոցներում աշակերտների թիվը սահմանափակ է:
Մամուլի քարտուղարն ասաց, որ նույն վիճակն է նաև Երևանի գերծանրաբեռնված մանկապարտեզներում, որտեղ մերժում են ընդունել երեխաներին, և փաստը հետագայում շահարկվում է՝ Արցախից բռնի տեղահանվածներին մերժելու որակավորմամբ:
«Հորդորում ենք միջնաժամկետում դիտարկել նաև բնակեցումը Հայաստանի մարզերում, որտեղ մանկապարտեզներն ավելի հասանելի են, նաև բազմաթիվ թափուր աշխատատեղեր կան»,-ասաց Նազելի Բաղդասարյանը:
Հայտարարելով, որ ՀՀ բուժհաստատություններում 264 բուժառու է բուժվում՝ Նազելի Բաղդասարյանը խոսքը փոխանցեց առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանին:
Նա հայտնեց, որ բուժվող արցախցիներից 97-ի վիճակը ծանր է, 12-ինը՝ ծայրահեղ ծանր, 7 երեխայի առողջական վիճակը միջին ծանրության է, և բոլորն ստանում են բոլոր տեսակի բուժօգնությունները:

