Արցախը հանձնողը Սյունիքն էլ է հանձնելու, Երևանն էլ․ իրազեկման ակցիա՝ Երևանի փողոցներում
Մայրաքաղաքում մի խումբ երիտասարդներ «Արցա՛խ», «Նիկո՛լ, թշնամի՛» վանկարկումներով իրազեկման ակցա են իրականացնում։
ՀՅԴ անդամ Սևակ Նազարյանը երիտասարդներին դասադուլի կոչ արեց։ Նրա խոսքով՝ աշխատանքի կամ դասի չգնալով՝ առանց կրթության կամ փողի չենք մնա, բայց կարող ենք առանց հայրենիք մնալ, քանի որ հայրենիքը վտանգի տակ է։
«Արցախը հանձնողը Սյունիքն էլ է հանձնելու, Երևանն էլ։ Թշնամու շահը սպասարկողը չի կարող փոխվել և հայկական շահ սպասարկել։ Արցախում իրավիճակ փոխելու մի տարբերակ կա․ Հայաստանում իշխանությունները պետք է նորից տեր կանգնեն ժողովրդի իրավունքներին։ Ո՛չ ռուսն է մեզ փրկելու, ո՛չ ֆրանսիացին, ո՛չ էլ պարտավոր են, եթե մենք անտարբեր նայում են, թե ինչպես են մեր քույրերին և եղբայրներին Արցախում սպանում»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի համապատկերին Երևանում ցույցեր են սկսվել՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և արցախցիներին օգնելու պահանջով։

