Դա ԼՂ իշխանությունների ու ժողովրդի որոշելիքն է․ Սարգիս Խանդանյան
«ԼՂ-ում հումանիտար իրավիճակը բարելավելու, ընդհանրապես ԼՂ հայության անվտանգության անվտանգությունը պաշտպանելու տեսանկյունից չափազանց կարևոր է Լաչինի միջանցքի անհապաղ բացումը,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը։- Իսկ մյուս
ճանապարհների հետ կապված չէի ցանկանա մեկնաբանություն տալ,
որովհետև դա ԼՂ իշխանությունների ու ժողովրդի որոշելիքն է: Չեմ
կարծում, որ ՀՀ-ն պետք է միջամտի»,- լրագրողների հետ ճեպազրույցում
ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ
Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով ռուսական Կարմիր խաչի
բեռնատարի՝ Ակնայով Ստեփանակերտ մուտքին»:
Խոսելով սահմանին թշնամու կողմից զինտեխնիկայի կուտակումների մասին, նա նշեց. «Սահմանին կուտակումները վկայում են Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության շարունակության, ստանձնած պարտավորությունները չկատարելու և հարցերը ուժի միջոցով լուծելու հերթական փորձի մասին։
Սրան շատ լուրջ պետք է վերաբերվել: Բազմաթիվ միջազգային շփումներ են տեղի ունեցել այս ընթացքում, որպեսզի ավելացվի ճնշումն Ադրբեջանի վրա և ուժի կիրառմամբ չփորձի հարց լուծել»։
ՔՊ-ական պատգամավորի խոսքով, ԼՂ-ում շարունակվող հումանիտար ճգնաժամն ու Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը բացասաբար են ազդում հայ-ադրբեջանական բանակցությունների վրա:
«Բայց սա չի նշանակում, որ Հայաստանը պետք է հետ կանգնի խաղաղ ճանապարհով խնդիրները հանգուցալուծելու և խաղաղության համաձայնագիր կնքելու իր նպատակից: Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի վերադառնալ բանակցությունների սեղան և շարունակել հարցերի քննարկումը»,- ասաց Սարգիս Խանդանյանը։
Նա նաև հայտնեց, որ, իր տեղեկություններով, ադրբեջանական կողմը դեռևս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 25-ին Կառավարության նիստի ժամանակ հայտնել էր, թե հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր նոր առաջարկները։

