Օրենքը չխախտած ռուս գործիչների՝ ՀՀ մուտքի արգելքը վնաս է հասցնում ՌԴ-Հայաստան փոխգործակցությանը

Օրենքը չխախտած ռուս գործիչների՝ Հայաստան մուտքի արգելքը վնաս է հասցնում ՌԴ-Հայաստան փոխգործակցությանը: Այս մասին հայ-ռուսակական մեդիաֆորումի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Անընդունելի ենք համարում մեր ժողովուրդների միջև թշնամություն և ատելություն սերմանելու փորձերը, որոնք ուղեկցվում են հայ ժողովրդի բոլոր դժբախտությունների մեջ ՌԴ-ի հասցեին մեղադրանքներով։ Դրա վառ ապացույցն է, օրինակ այս տարվա օգոստոսին Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամության և համագործակցության ընկերության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովի՝ ՀՀ մուտքի արգելքը»,-ասել է նա։

Զախարովան նշել է, որ մի խումբ ռուս գործիչների՝ ՀՀ մուտքի արգելքը էական վնաս է հասցնում Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխգործակցությանը։ Նրա խոսքերով, վերոնշյալ անձինք չեն խախտել օրենքը, այլ միայն արտահայտել են իրենց անձնական կարծիքը․ «Եվ, իհարկե, երեկվա միջադեպը, երբ ձերբակալվեցին Sputnik Արմենիայի սյունակագիրը և բլոգեր Միկա Բադալյանը։ Ռուս-հայկական մեր մեդիա ֆորումի ժամանակ ուղղակիորեն կատարված սադրանքը, ըստ ամենայնի, նպատակ ուներ խաթարելու երկկողմ հարաբերությունների և մեր ընթացիկ օրակարգի համար այս կարևոր իրադարձությունը։

Ակնհայտ է, որ այս սադրանքի հետևում կանգնած են հենց այն ուժերը, որոնք շահագրգռված են մեր երկրների և նրանց ժողովուրդների մեջ ատելություն, վախ և անվստահություն սերմանել»,-ասել է Զախարովան։

Հայաստանում անցկացվում է հայ-ռուսական մեդիաֆորում, որին մասնակցում են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության լրատվական դաշտի ներկայացուցիչներ և առաջատար վերլուծական կենտրոնների փորձագետներ: