Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Տեղի է ունեցել հեռախոսազրույց Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև։

Շարունակվել է երկխոսությունը ռուս-թուրքական բազմապլան համագործակցության տարբեր ուղղությունների մասին։

Մասնավորապես, Վլադիմիր Պուտինը ներկայացրել է Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը սևծովյան նավահանգիստներից ուկրաինական հացահատիկի դուրսկրման «փաթեթային» համաձայնագրերի գործողությունը դադարեցնելու և ռուսական մթերքների ու պարարտանյութերի մատակարարումներն արգելափակելու հարցում։ Նշվել է, որ «հացահատիկի գործարքի» ռուսական մասի իրականացման գործում առաջընթացի լիակատար բացակայության պայմաններում դրա հերթական երկարացումը կորցրել է իմաստը։ Հաստատվել է Ստամբուլի պայմանավորվածություններին վերադառնալու պատրաստակամությունը, հենց որ Արևմուտքը գործնականում կատարի ստանձնած բոլոր պարտավորությունները Ռուսաստանի առջև, տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ընդգծվել է, որ հաշվի առնելով պարենի առավել շատ կարիք ունեցող երկրների պահանջները՝ կատարվում է ռուսական ցորենի մատակարարումների հուսալի տարբերակների մշակում, այդ թվում անհատույց։ Այս հարցը առարկայորեն քննարկվել է Սանկտ Պետերբուրգում, Ռուսաստան-Աֆրիկա երկրորդ գագաթնաժողովում։ Կա փոխգործակցության տրամադրվածություն այս ուղղությամբ Թուրքիայի և շահագրգիռ այլ պետությունների հետ։

Ռուս-թուրքական գործընկերության օրակարգի քննարկման ժամանակ ղեկավարները կենտրոնացել են առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման, էներգետիկայի ոլորտում համատեղ ռազմավարական նախագծերի իրականացման, ինչպես նաև զբոսաշրջային ոլորտում համագործակցության զարգացման վրա։ Ապրանքաշրջանառությունը 2022թ. արդյունքներով ավելացել է գրեթե կրկնակի։

Էրդողանը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարությանը և ժողովրդին Թուրքիայի Հանրապետության տարածքում անտառային հրդեհների մարմանն աջակցելու համար։

Պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում, այդ թվում երկու ղեկավարների հնարավոր հանդիպման նախապատրաստման համատեքստում։