Ազգովին պահպանենք Մատենադարանը (տեսանյութ)
LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանն է։
Հաղորդման հյուրի հետ անդրադարձանք վերջերս Մատենադարանի նոր տնօրենի ընտրությանը։ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանին միաձայն ընտրեց Մատենադարանի տնօրեն։ Վերջերս ձևավորված հոգաբարձուների խորհրդում մեծ մասը կառավարության ներկայացուցիչներ են, այդ թվում Խզմալյանի ներկա ու նախկին վերադասներն ու գործընկերները՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, գերատեսչության մյուս փոխնախարար Արթուր Մարտիրոսյանն ու ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը։ Հոգաբարձուների խորհրդի 13 անդամից միայն 2-ն են Մատենադարանից, մյուսները կառավարությունից ու այլ կառույցներից են։ Մինչդեռ մինչև փոփոխությունները հոգաբարձուները 24-ն էին, որոնցից 11-ը Մատենադարանի աշխատակիցներ էին։
Մինչև տնօրենի ընտրությունները մամուլում արդեն հրապարակումներ էին եղել, որ հենց Արա Խզմալյանն է ընտրվելու՝ հաշվի առնելով կառավարության սիրելին լինելու հանգամանքը։ Պատահական չէ, որ մրցույթից 2 ամիս առաջ կառավարությունը փոխեց ընտրության կարգը, վերանայեց կանոնադրությունն ու հոգաբարձուների խորհրդում շեշտակի ավելացրեց իր ներկայացուցիչների թիվը։ Նախկին կարգի համաձայն, Մատենադարանի տնօրեն դառնալու համար պետք էր ունենալ դոկտորի կոչում, այս պահանջը, սակայն հիմա վերացվել է։ Ընդ որում, 3 թեկնածուներից միայն Արա Խզմալյանը չուներ դոկտորի կոչում, նա արվեստագիտության թեկնածու է։
Լիա Ավետիսյանն ասաց, որ այդ փոփոխություները հենց արա Խզմալյանին տնօրենի պաշտոնին նշանակելու համար են արել, այլապես նա չէր համապատախանում որպես թեկնածու և չէր էլ կարող առաջադրվել։ Մյուս կողմից էլ ակնհայտ է, որ Մատենադարանը կառավարության վերահսկողության տակ առնելու նպատակ է հետապնդել այդ նշանակումը, ինչից որևէ լավ բան պետք չէ ակնկալել։
Հարցազրույցը դիտեք տեսանյութում

