Առևանգված քաղաքացու դեպքով Կարմի խաչն այս պահին իր լիազորությունների շրջանակում քայլեր է ձեռնարկում

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այս պահին իր լիազորությունների շրջանակում երկխոսության միջոցով համապատասխան քայլեր է ձեռնարկում Լեռնային Ղարաբաղից Հայաստան բուժման նպատակով ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ տեղափոխվող 68-ամյա քաղաքացու Ադրբեջանի սահմանապահների կողմից անհայտ վայր տեղափոխելու ուղղությամբ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին` նշելով, որ շնորհիվ իրենց նախապես համաձայնեցված ընթացակարգերին, մինչև օրս կարողացել են ապահով կերպով տեղափոխել մարդկանց՝ բուժառուների կամ քաղաքացիների,  որոնք ժամանակին ցանկություն էին հայտնել միավորվել իրենց ընտանիքների հետ:

«Ինչ վերաբերվում է կոնկրետ այս իրավիճակին, պետք է նշեմ, որ  մենք բոլոր խնդիրները հասցեագրում ենք համապատասխան իշխանություններին, սակայն անելու ենք դա երկխոսության միջոցով և դա կոնֆիդենցիալ բնույթ է կրելու, այս պահի դրությամբ այլ մանրամասներ միջադեպի կապակցությամբ հաղորդել չեմ կարող»,- նշեց Ամատունին:

Ավելի վաղ Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հայտնել էր, որ  այսօր ԿԽՄԿ միջոցով բուժման նպատակով Հայաստանի Հանրապետության բուժհաստատություններ տեղափոխվող հիվանդներից Ադրբեջանի կողմից արգելանքի է վերցվել ԱՀ  68-ամյա մի քաղաքացի և անցակետից տեղափոխվել այլ վայր։

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն էլ գրել էր, որ հարազատներից, ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներից կամ ռուսական խաղաղապահներից որևէ մեկը առևանգված բուժառուի մոտ չէ, և այս պահին նրա ճակատագիրը անհայտ է։