ՌԴ-ից ակնարկում են, որ ՀՀ իշխանության նախաձեռնությամբ գործընթացում հիմք ընդունվեց ադրբեջանական օրակարգը. Տիգրան Աբրահամյան

Ռուսաստանի արտգործնախարարությունը մեկնաբանել է Արցախի շուրջ ստեղծված իրադրությունը, որում ըստ էության նշվում է, որ ՀՀ իշխանության` Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարությունը հիմնովի փոխել է գործընթացի տրամաբանությունը:

ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ, վերոնշյալ հանգամանքը հաշվի առնելով, պետք չէ իրադրության պատասխանատվությունը երրորդ երկրների վրա գցել:

Պարզ ասած, ռուսական կողմն ասում է, որ եթե ՀՀ իշխանությունն Արցախը հանձնել է, ապա մեզանից ի՞նչ եք ուզում` ակնարկելով, որ իրենց առաջադրած խաղի կանոններով, Արցախի ադրբեջանացում չէր ենթադրվում:

2022-ի Պրահայի հայտնի գործընթացից հետո, երբ Փաշինյանը բաց տեքստով մտադրություն հայտնեց ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ նրա թիմակիցներն ադրբեջանական թեզերով սկսեցին «հիմնավորել» Արցախի ադրբեջանական լինելը, ռուսական կողմն արդեն մի քանի անգամ է նմանօրինակ բովանդակության ազդակներ է հղում:

ՌԴ-ից նաև ակնարկում են, որ 2020-ի նոյեմբերի եռակողմ հայտարարությունն առնվազն ենթադրում էր կարգավիճակի վերաբերյալ քննարկումների հետաձգում, սակայն ՀՀ իշխանության նախաձեռնությամբ գործընթացում հիմք ընդունվեց ադրբեջանական օրակարգը:

 

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից