ՀՀ տարածքից առևանգված հայ զինծառայողներին ստիպել են կեղծ ցուցմուններ տալ
Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանում այսօր կայացել է Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքից առևանգված հայ զինծառայողներ Հարություն Հովագիմյանի և Կարեն Ղազարյանի ապօրինի դատավարության առաջին նիստը։
ԱՊԱ-ի հաղորդմամբ՝ ճշտել են զինծառայողների անձնական տվյալները։
Նրանց կեղծ մեղադրանք է ներկայացվել «Ադրբեջանի պետական սահմանի անօրինական խախտման» և այդ երկրի տարածքում իբր «ահաբեկչական գործողության ծրագրման» համար: Հաղորդվում է, թե իբր «հայկական դիվերսիոն խումբն Ադրբեջանի սահմանը հատել է Զանգելանի (օկուպացված Կովսական) հատվածում»։
Հայ զինծառայողներին ստիպել են հայտարարել, թե իրենք իբր «Ադրբեջանին թշնամական երկիր չեն համարում» և իբր «զղջում են իրենց արածի համար»։ Գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 5-ին։
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին, ժամը 19:00-ին, ՀՀ մարտական դիրքեր սնունդ մատակարարող զինված ուժերի 2 զինծառայողների հետ կապն ընդհատվել էր։ ՊՆ-ի հաղորդագրության համաձայն, միջդիրքային ճանապարհին խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է նյութատեխնիկական ապահովման մեքենա՝ բեռնված սննդով և ջրով, որը նախատեսված է մարտական դիրքերի համար։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ զինծառայողներին առևանգել է ադրբեջանական դիվերսիոն խումբը։

