Հայաստանը կհյուրընկալի ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը տեղի կունենա Երևանում: Հայտնում են ՀՀ Ազգային ժողովից:
Որոշումը վեհաժողովի Մշտական հանձնաժողովը կայացրել է հունիսի 30-ին Կանադայի Վանկուվեր քաղաքում ընթացող ԵԱՀԿ ԽՎ տարեկան (ամառային) նստաշրջանի ընթացքում:
ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը, խորհրդաժողովի պատվիրակներին հրավիրելով Հայաստան, նշել է.
«Անվտանգային մարտահրավերները շարունակում են ցնցել ԵԱՀԿ տարածաշրջանը, և այս պայմաններում միջխորհրդարանական համագործակցությունը և երկխոսությունն ավելի են կարևորվում: Վեհաժողովի աշնանային նստաշրջանը Երևանում անցկացնելով՝ վեհաժողովի անդամները հնարավորություն կունենան անդրադառնալ և մտքեր փոխանակել Հարավային Կովկասի անվտանգային մարտահրավերների ու դրանց հետևանքների մասին»:
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական հարթակը միավորում է ավելի քան 320 պատգամավորի 57 անդամ երկրից: Կազմակերպության հիմնական նպատակն է նպաստել միջխորհրդարանական երկխոսությանը՝ առաջ մղելով ԵԱՀԿ համապարփակ անվտանգության նպատակները: