Ադրբեջանը իրադրությունը սրելու և ԼՂ-ն հայաթափելու հետևողական քաղաքականություն է վարում. Փաշինյան
«Լաչինի միջանցքի փակման հետևանքով ԼՂ-ում առաջացած հումանիտար ճգնաժամի պյմաններում հունիսի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը հրետանային և անօդաչու ավիացիայի հարվածներ են հասցրել ԼՂ ՊԲ Մարտունու և Մարտակերտի դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով ՊԲ 4 զինծառայողներ են զոհվել,- այսօր՝ հունիսի 29-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։- Ցավակցություն հայտնելով զոհվածների հարազատներին և ընկերներին, պետք է ընդգծեմ, որ այս ռազմական սադրանքը երկար ժամանակ նախապատրաստվում էր՝ Ադրբեջանի տեղեկատվական գրոհներով, թե իրբ ԼՂ պաշտպանության բանակը շփման գծի տարբեր հատվածներում խախտում է հրադադարի ռեժիմը:
Ադրբեջանական լրատվության հրապարակումների մտացածին լինելը ԼՂ իշխանությունների կողմից հետևողականորեն ի ցույց է դրվել, ինչի պայմաններում ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանն իրադրությունը սրելու և ԼՂ-ն հայաթափելու հետևողական քաղաքականություն է վարում:
Ադրբեջանի գործելակերպն ավելի ու ավելի տեսանելի կերպով հենց այդպես է ընկալվում նաև միջազգային հանրության կողմից, ինչի ամենաթարմ ապացույցը նախորդ շաբաթ ԵԽԽՎ-ում ընդունված 22/56 բանաձևն է։ Դրա 15-րդ կետում ԵԽԽՎ-ն արձանագրում է. «Վեհաժողովը չափազանց անհանգստացած է Ադրբեջանի ղեկավարության ամենաբարձր մակարդակում հայերի դեմ կիրառվող թշնամական և սպառնալից հռետորաբանությունից և կոչ է անում Ադրբեջանին՝ մերժել նման հռետորաբանությունը և քայլեր ձեռնարկել ինչպես ատելության խոսքի դեմ, այդ թվում հանրային և բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կիրառվող, այնպես էլ ատելության և հանցագործությունների դեմ պայքարելու համար»,-ընդգծեց Փաշինյանը:
Նրա խոսքով, նույն բանաձևի 8-րդ կետում Վեհաժողովն արձանագրում է. «Ներկա անկայուն իրավիճակը կարող է հանգեցնել նրան, որ ԼՂ հայ բնակչությունը ստիպված կլինի լքել իր տներն ու համայնքները: Այս համատեքստում Վեհաժողովը հրատապ կոչ է անում լուծել ԼՂ հայ բնակչության իրավունքների ու անվտանգության խնդիրները Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության, ինչպես նաև խաղաղության իրականացման ցանկացած մեխանիզմում չեզոք միջազգային ներգրավվածության միջոցով»:
Վեհաժողովն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտում է, արձանագրել է ԼՂ-ին մատակարարվող էլեկտրաէներգիայի և բնական գազի մատակարարումների արգելափակման փաստը, Ադրբեջանին կոչ է արել անհապաղ վերականգնել այդ մատակարարումները և կատարել Լաչինի միջանցքի ապաարգելափակելու մասին Արդարադատության միջազգային դատարանի հրամանը»,-հայտարարեց վարչապետը։
Փաշինյանը նաև կարևոր համարեց արձանագրել այն, որ ԵԽԽՎ-ի բանաձևում ԼՂ-ում իրավիճակը գնահատվում է հումանիտար և մարդու իրավունքների ճգնաժամ. «Ընդգծվել է ԼՂ և Լաչինի միջանցք հնարավորինս արագ փաստահավաք կազմակերպելու անհրաժեշտությունը:
ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևը կարևորագույն փաստաթուղթ է ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի շուրջ միջազգային ուշադրությունը մեծացնելու առումով և ՀՀ ԱԳՆ-ը հետևողական կլինի բանաձևի դրույթները նախարարական կոմիտեի, այսինքն ԵԽԽՎ-ի գործադիր մարմնի օրակարգում պահելու առումով»,- հայտարարեց Փաշինյանը։

