Իրանական կողմը ներկայացրել Փաշինյան-Ռաիսի հեռախոսազրույցի հիմնական շեշտադրումները
Հայաստանի վարչապետի ու Իրանի նախագահի հեռախոսազրույցի վերաբերյալ իրանական կողմը ևս հաղորդագրություն է տարածել, ինչից պարզ է դառնում, որ հեռախոսազրույցը նախաձեռնել է հայկական կողմը՝ ներկայացնելով Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի մասին մանրամասները:
«Փարսթդեյը» ներկայացրել է ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդումը հեռախոսազրույցի մասին։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը համարել է կարևոր քայլ խաղաղության ճանապարհին և ասել. «ԻԻՀ–ը դեմ է Կովկասում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության»:
ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը, ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում, անդրադառնալով երկու երկրի պատմական կապերին, ԻԻՀ նախագահ՝ Սեյեդ Էբրահիմ Ռաիսին ասել է. «Իրանը և Հարավային Կովկասի տարածաշրջանը միմյանց պատմամշակութային մասերն են»:
Ռաիսին նշել է, որ հարևանության և հարաբերությունների ամրապնդման քաղաքականությանը համահունչ Թեհրանը մեծ նշանակություն և առաջնահերթություն է տալիս Հարավային Կովկասի տարածաշրջանի հետ փոխգործակցության և համագործակցության ընդլայնմանը։
Կարևորելով Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանն ու պատմական սահմաններին, Ռաիսին հավաստիացրել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է Կովկասում արևմտյան ռազմական ուժերի ներկայությանը, քանի որ օտարերկրացիների ներկայությունը ոչ միայն հարց չի լուծում, այլև նոր խնդիրներ է առաջացնում։
Նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը կարևոր քայլ է խաղաղության ճանապարհին, ԻԻՀ նախագահը հավաստիացրել է, որ երկու երկրների սահմաններում տիրող անվտանգության վիճակը պետք է շատ արագ փոխվի և պետք է վերածվեն տնտեսական սահմանների:
Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին, Ռաիսին կարևորել է Իրանի և Հայաստանի միջև պայմանավորվածությունների իրականացման ընթացքին թափ հաղորդելը:
Հայաստանի վարչապետը մանրամասն զեկույց է ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունների ընթացքի և վերջին վիճակի վերաբերյալ։

