Պրիգոժինի դեմ քրեական գործը չի կարճվել
«Վագներ» մասնավոր ռազմական խմբավորմա հիմնադիր Եվգենի Պրիգոժինի դեմ քրեական գործի հետաքննությունը չի դադարել։ Այս տեղեկությունը ՏԱՍՍ-ին հաստատել է Գլխավոր դատախազության մոտ կանգնած աղբյուրը։
«Պրիգոժինի նկատմամբ քրեական գործը չի կարճվել։ Հետաքննությունը շարունակվում է»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Երկուշաբթի «Կոմերսանտ» թերթը հաղորդել է, որ հունիսի 26-ի առավոտյան զինված ապստամբության կազմակերպման վերաբերյալ քրեական գործը, որի գլխավոր մեղադրյալը Պրիգոժինն է, չի դադարեցվել և շարունակում է հետաքննվել Ռուսաստանի ԱԴԾ քննչական վարչության քննիչի կողմից:
Հիշեցնենք, որ «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման հիմնադիր Եվգենի Պրիգոժինը ՌԴ ՊՆ-ին մեղադրել է իր ճամբարներին հարվածներ հասցնելու մեջ: Նա ասել է, որ հաջորդ քայլն իրենցն է լինելու։ Պրիգոժինը նաև հայտարարել էր, որ պատրաստվում է ռազմական հեղաշրջում իրականացնել Ռուսաստանում։
Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի դեմ` ռազմական հեղաշրջման կոչ հնչեցնելու համար: Ռուսաստանում անվտանգության աննախադեպ միջոցներ են ձեռնարկվել, Մոսկվայում հատուկ հսկողության տակ են առնվել կառավարական կառույցներն ու ճանապարհները։
Ավելի ուշ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահի համաձայնությամբ բանակցություններ է վարել Եվգենի Պրիգոժինի հետ։ Վերջինս ընդունել է Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնել տեղաշարժը Ռուսաստանում և հետագա քայլեր ձեռնարկելու լարվածությունը թուլացնելու համար։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել էր, թե Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործը կկարճվի, Պրիգոժինը կմեկնի Բելառուս։

