Հայաստանի բեռնատարները Վերին Լարսում առաջնահերթ կարգով են մաքսազերծվում. Անցակետի պետի տեղակալ

Վերին Լարսի անցակետի մաքսակետում Հայաստանի բեռնատարները մաքսազերծվում են առաջնահերթության սկզբունքով։ Այս մասին «ՌԻԱ նովոստիին» տված հարցազրույցում ասել է մաքսակետի պետի տեղակալ Գեորգի Ցեգոևը։

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովը դրական է գնահատել Վերին Լարսի մաքսային անցակետի արդիականացումը, որն ընդլայնվել է մինչև 39 գոտի։ Նրա խոսքով, «խցանումներ չկան, ճանապարհներն ազատ են, մաքսատունն աշխատում է»։

Դաշնային մաքսային ծառայության տվյալներով՝ բեռների գրեթե կեսը (48%) գալիս է Հայաստանից։

«Առաջին հերթին ստուգվում են Հայաստանից ապրանքներով մեզ մոտ եկող բեռնատարները, հայկական բեռնատարների համար նախատեսված է ևս 100 տեղ Հարավային դարպասի մոտ, որտեղ նույնպես կարելի է լիարժեք մաքսային գործողություն կատարել»,- հավելել է գործակալության զրուցակիցը։

Ավելի վաղ Վերին Լարսի մաքսակետի վերակառուցման հարցը քննարկել են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը նշել էր, որ այդ աշխատանքների ավարտը կարեւոր նրբերանգ է, որը մղելու է Մոսկվայի եւ Երեւանի միջեւ տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանը։

Ռուսաստանը լայնածավալ աշխատանքներ է իրականացրել անցակետի վերակառուցման ուղղությամբ։ Սա «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ամենաբանուկ անցակետն է։ Մայիսին Վերին Լարսի 25 երթուղիներին ավելացվել է 11 նոր գոտի, իսկ հունիսի 15-ին գործարկվել է ևս երեք գոտի։