Սոթքում վիրավորված բուժակը դուրս է գրվել հոսպիտալից
Սոթքում երեկ՝ մայիսի 17-ին, ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած բուժակի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտնել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
«Բուժակը դուրս է գրվել հոսպիտալից, ստանում է ամբուլատոր բուժում»,- ասել է նա։
Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մայիսի 17-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող:
Այնուհետև Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Շտապօգնության մեքենայի ուղղությամբ հակառակորդի բացած կրակից վիրավորում է ստացել նաև բուժակը:
Ինչպես ավելի ուշ պարզվեց, զինծառայող Էդգար Վահանի Սուլեյմանյանն ստացել էր կյանքի հետ անհամատեղելի վիրավորում և հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին զոհվել է։

