Պուտինը և Ռաիսին մասնակցել են Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի ստեղծման համաձայնագրի ստորագրման արարողությանը

Ռուսաստանի Դաշնության և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էբրահիմ Ռաիսին այսօր մասնակցում են ԻԻՀ-ում Ռեշտ-Աստարա երկաթուղու ստեղծման նպատակով շինարարության, նախագծման ֆինանսավորման և ապրանքների և ծառայությունների մատակարարման վերաբերյալ համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողությանը։ Ռուսական պետության ղեկավարը դրան միացել է տեսակապով։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Համաձայնագիրը կստորագրեն Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Միհրդադ Բազրպաշը։ Ռուսական կողմից արարողությանը ներկա է նաև փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։

Ռեշտ-Աստարա գծի երկարությունը կկազմի 170 կմ։ Այն անհրաժեշտ է Հյուսիս-Հարավ միջազգային փոխադրամիջանցքի ցամաքային հատվածները միացնելու համար, ինչը թույլ կտա բարձրացնել անդրկասպյան երթուղու տնտեսական արդյունավետությունը։ Ենթադրվում է, որ Ռեշտ-Աստարա գիծը կկառուցվի Մոսկվայի և Թեհրանի մասնակցությամբ, իսկ Աստարա (Իրանի քաղաք)-Աստարա (Ադրբեջանի քաղաք) գիծը՝ Մոսկվայի, Թեհրանի և Բաքվի մասնակցությամբ։

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին համագործակցության համաձայնագիրը «մեծ և  նշանակալի քայլ» է անվանել Թեհրանի և  Մոսկվայի համագործակցության մեջ:

Պուտինն ավելի վաղ նշել էր, որ այս նախագիծը հետաքրքրում է ոչ միայն Ռուսաստանի Դաշնությանը և Իրանին, այլև համաշխարհային առևտրի բոլոր մասնակիցներին, որովհետև լոգիստիկայի տեսանկյունից «դա զգալի լրացում է Սուեզի ջրանցքին և սևծովյան նեղուցներին»: Ռուսաստանի նախագահի խոսքով՝ այդ որոշումը «էժանացնում է երթուղին, նշանակում է նաև, որ ապրանքների վերջնական գինն ավելի ցածր կլինի»: