Աջակցում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությանը. ՀՀ-ում ԵՄ դեսպան

Սյունիքում 55 մլն եվրոյի աջակցություն ենք տրամադրել, որով հստակ ազդակ ենք ուղարկում, որ աջակցում ենք Հայաստանին և Հայաստանի տարածքային ամբողջականությանը: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն-Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

«Ռուսական ագրեսիան Ուկրաինայի դեմ մեզ դարձրել է ավելի միասնական և պատրաստ ենք պայքարելու մեր արժեքների՝ ժողովրդավարության և իրավունքի գերակայության համար: Այդ ուղեցույցով շարժվում ենք առաջ նաև  Հայաստանում, այստեղ աջակցել ենք բարեփոխումների գործընթացին: Առաջընթացը ապահովվել է բավականին մարտահրավերներով լի ժամանակաշրջանում՝ կովիդ, պատերազմ, հետո արտահերթ ընտրություններ: Մինչ օրս  բավականին լարված իրավիճակ է աշխարհում»,-ասաց նա:

Անդրադառնալով նախօրեին Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպմանը, Վիկտորինն ասաց. «Մենք ևս մեկ անգամ ընդգծում ենք, որ ԵՄ-ն հանձնառու է և պատրաստ է աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին հարատև և խաղաղ լուծում գտնելու ճանապարհին, ինչը ոչ միայն խաղաղության կապահովի, այլև կերաշխավորի կայունություն այս տարծաշրջանում»: