Մոլդովան արգելել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մուտքը, Մոսկվան արձագանքել է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մուտքը Մոլդովա արգելված է, ասել է Մոլդովայի վարչապետ Դորին Ռեչանը մոլդովական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

Ինչպես նշել է Ռեչանը, Մոլդովայում կա ՌԴ քաղաքացիների սև ցուցակ, որոնք չեն կարող երկիր մտնել, ընդ որում՝ նրա խոսքով, որոշ պաշտոնյաներ այդ մասին կիմանան միայն այն ժամանակ, երբ փորձեն մտնել Մոլդովա։

Ռեչանը խոստացել է երբևէ հրապարակել սև ցուցակը։ «Ինչ-որ պահի մենք կհանրայնացնենք ցուցակը, ներկա պահին բավական է այսօր աշխատող մեխանիզմը։ Չգիտեմ՝ պե՞տք է արդյոք պետության ռեսուրսները ծախսել հանրային ցուցակ կազմելու վրա»,- ասել է նա։

«Մենք կփակենք բոլոր նրանց բերանները, ովքեր պատերազմ են քարոզում և սերմանում»,- խոստացել է Մոլդովայի վարչապետը։

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Մոլդովայի վարչապետ Դորին Ռեչանի հայտարարությունը ՌԴ ղեկավարի՝ երկիր մուտքի արգելքի մասին, ասել է, որ Մոլդովան ձգտում է դառնալ ոչ բարեկամական երկիր, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Իհարկե, դա երկիր է, որն այժմ փորձում է մեզ համար ոչ բարեկամական երկիր դառնալ։ Այս առումով կարելի է ափսոսանք հայտնել», – մեկնաբանել է Պեսկովը: