ԱՀ պետնախարարը «Ազատ հայրենիք-ՔՄԴ»-ի հետ քննարկել է շրջափակման հետևանքով առաջացած հարցերը

Այսօր՝ ապրիլի 21-ին, Արցախի խորհրդարանի «Ազատ հայրենիք –ՔՄԴ» խմբակցության անդամները հանդիպել են ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հետ: Տեղեկանում ենք Արցախի կառավարության մամուլի ծառայությունից։

Քննարկվել են հանրապետությունում ստեղծված իրավիճակը, շրջափակման հետևանքով առաջացած  տարաբնույթ հարցեր:

Պետնախարարը խոսել է գործող և նոր սոցիալական աջակցության ծրագրերից, անդրադարձել  կտրոնային համակարգի, վառելիքի և պարենային ապրանքների ձեռքբերման և իրացման խնդիրներին, հումանիտար բեռնափոխադրումներով իրականացվող աշխատանքներին:

Գուրգեն Ներսիսյանը նշել է, որ ԱՀ կառավարությունը աջակցության մի շարք ծրագրերով որոշակիորեն մեղմում է սոցիալական լարվածությունը, սակայն խնդիրը մնում է սուր խոցելի խմբերի անձանց համար: Այդ առումով առաջարկվել է նոր սոցիալական ծրագրերի մշակում: