Հայաստանը հայտարարել է, որ Արցախի ինքնորոշման իրավունքը սահմանափակված է Բաքվի ցանկությամբ. «Քաղաքացիական պայմանագիր»

Մադրիդյան սկզբունքներն ընդունելով՝ Հայաստանը փաստորեն հայտարարել է, որ Արցախի ինքնորոշման իրավունքը սահմանափակված է Ադրբեջանի ցանկությամբ։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում, ապրիլի 21-ին, 2022 թ. Հայաստանի կառավարության գործունեության մասին հաշվետվության քննարկման ժամանակ ասել է Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ մեկնաբանելով ընդդիմադիր պատգամավորների ելույթները։

«Ես ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ դուք չեք ճանաչել Արցախի Հանրապետությունը, երբ իշխանությունում էիք»,- ասել է խորհրդարանի փոխնախագահը՝ դիմելով իր ընդդիմախոսներին։

Անդրադառնալով «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հայտարարությանն այն մասին, որ ինքնորոշման իրավունքը չի կարող սահմանափակվել, Ռուբինյանն առաջարկել է վերադառնալ պատմությանն ու նրա ժամանակագրական կարգին։

«1991 թ. Արցախում իրականացվել է հանրաքվե։ Հանրաքվեի արդյունքներով՝ Արցախի ժողովուրդը քվեարկել է Լեռնային Ղարաբաղն անկախ հանրապետություն հռչակելու օգտին։ Կարո՞ղ ենք արդյոք մենք դա համարել ինքնորոշման ակտ։ Այո։ Իսկ հիմա հարց. ինչո՞ւ Հայաստանը չի ճանաչել Արցախի ինքնորոշման ակտը։ Մինչև հիմա Հայաստանի ոչ մի իշխանության օրոք Հայաստանը չի ճանաչել Արցախը որպես անկախ հանրապետություն։ Խնդիրն այն է, որ մենք խճճվել ենք սեփական տերմինաբանությունում»,- նշել է ԱԺ փոխնախագահը։ Հարցին, թե ինչու գործող իշխանությունները նախորդների հետևից չեն ճանաչել Արցախի անկախությունը, Ռուբինյանը չի պատասխանել։