Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ կայունացում ունենք. նախարար
Սյունիքի մարզի Տեղ գյուղում ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ կայունացում ունենք: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, Կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նա հայտնեց, որ վիրավոր մյուս զինծառայողների առողջական վիճակում ևս կա որոշակի դրական տեղաշարժ:
«Մնացածի առումով ևս կա դրական տեղաշարժ: Ովքեր գտնվում են Սիսիանում, բավարար է վիճակը, որևէ խնդիր չունենք»,- ասաց նախարարը:
Հիշեցնենք, որ Տեղ համայնքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվել է 4 զինծառայող, վիրավորում ստացել՝ վեցը: Վիրավորված զինծառայողներից երեքի վիճակը բավարար է, մյուս երեքինը՝ միջին ծանրության, ծանր և ծայրահեղ։ Վիրավորներից չորսը Երևանում են, մյուս երկուսը՝ Սիսիանում։
Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վիրավորը պայմանագրային զինծառայող է։ Վիրավորվել էր նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը:

