Տարածաշրջանային և գլոբալ խնդիրների լուծումը հնարավոր է նաև առանց Արևմուտքի. Իրանի կառավարության խոսնակ

ԻԻՀ կառավարության խոսնակը լրագրողների հետ ամենշաբաթյա մամուլի ասուլիսում անդրադառնալով Չինաստանում Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև ձեռք բերված համաձայնությանը, ասել է. «Հարաբերությունների վերականգնումը ցույց տվեց, որ տարածաշրջանային և գլոբալ խնդիրների լուծումն առանց Արևմուտքի էլ հնարավոր է»,- գրում է ParsToday-ը:

Ալի Բահադորի Ջահրոմին այսօր լրագրողներին ասել է. «Կառավարության արտաքին քաղաքականությունն ի սկզբանե հիմնված է եղել բարիդրացիական հարաբերությունների և տարածաշրջանային դիվանագիտության զարգացման վրա, և այլ երկրներ նույնպես ողջունել են հարաբերությունների վերականգնումը, որպեսզի տարածաշրջանը կառավարվի հենց տարածաշրջանի երկրների կողմից։

Նա ընդգծել է. «Ասիացիներն առավել քան անցյալում ստանձնում են Ասիայի կառավարման պատասխանատվությունը»։

Անդրադառնալով Հալաբջայի ռմբակոծության տարելիցին՝ Ալի Բահադորի Ջահրոմին ընդգծել է.  «Մենք գտնվում ենք Իրաքի բաասական ռեժիմի բանակի կողմից Հալաբջայի բնակչության քիմիական ռմբակոծման տարելիցի շեմին։ Տարածաշրջանի բռնատիրական ռեժիմները համաշխարհային և արևմտյան որոշ տերությունների աջակցությամբ 8 տարի շարունակ հարձակվել են մեր ժողովրդի վրա, որի մի օրինակն է այս ռմբակոծությունը»։

Ալի Բահադորի Ջահրոմին հավելել է. «Եթե որևէ համաշխարհային տերություն ցանկանա հակամարտության մեջ մտնել Իրանի ժողովրդի հետ, դա այլ արդյունք չի ունենա, քան Իրանի ժողովրդի հաղթանակը և թշնամիների պարտությունը, ինչը տեղի ունեցավ պարտադրյալ պատերազմի ժամանակ»: