Ինչո՞ւ են «Առևանգել Aravot.am-ի յութուբյան ալիքը և ջնջել բոլոր տեսանյութերը

Երեկվանից` երեկոյան  ժամը 19։46-ից մինչ հիմա, ապաակտիվացած է «Առավոտ» կայքի յութուբյան ալիքը՝ Aravot Daily-ը: Այն ենթարկվել է հարձակման:

«Առավոտ»-ի գլխավոր խմբագիր Աննա Իսրայելյանը երեկ ահազանգեց այդ մասին, տեղեկացնելով․ «Առևանգել են Aravot.am-ի յութուբյան ալիքը և ջնջել անցած տարիների բոլոր տեսանյութերը»։  Նա ֆեյսբուքյան իր էջում գրել էր հետևյալը.

« «Առավոտն» այսօր հրապարակել էր հետևյալ անոնսը․ Մեր օրեր- #Հարստացածհեղափոխականները

Ինչպե՞ս և որքա՞ն հարստացան հեղափոխական պաշտոնյաները պատերազմող երկրում, պատերազմի տարում: Ովքե՞ր են մեր օրերի «Չախչախ թագավորները»:

Դիտեք վաղը` ։-ին:

Եվ այսօր ժամը 19.46–ից սկսած՝ մենք կորցրինք մեր յութուբյան էջի նկատմամբ հասանելիությունը։ Մինչ կհաջողվի կամ չի հաջողվի վերականգնել այն՝ նախապես հայտարարում ենք, որ այս պահից ինչ կհայտնվի մեր յութուբյան էջում՝ «Առավոտի» հետ կապ չունի։ Հավելում․ Այս պահին մեր ալիքի անունը փոխել են, ու հերթով ջնջում են տեսանյութերը։ Ի դեպ, դեռև ս «հրաշքով» պահպանված են ՔՊ–ականների տեսանյութերը։ Եվս մի հավելում՝ ջնջեցին անխտիր բոլոր տեսանյութերը»։

Թե իրականում ինչի  հետ գործ ունենք, ահա, թե ինչ է փոխանցել Աննա Իսրայելյանը NEWS.am-ին. «Ալիքն ապաակտիվացել է իբր համայնքային խախտումների պատճառով, տեղյակ չեմ, թե ինչ է դա նշանակում։ Կարող եմ ասել, որ երբ մենք դեռ հասանելիություն ունեինք յութուբյան ալիքի նկատմամբ, Youtube–ի կողմից սահմանված երեք սթրայքը լրացած չի եղել։ Մենք զգուշացում չենք ստացել։ Մինչև  ալիքի ապաակտիվացումը՝ այն անվանափոխվել էր։ Սկզբում խիստ ընտրողաբար էին տեսանյութերը ջնջվում։ Օրինակ՝ թողել էին ՔՊ–ական մի պատգամավորի տեսանյութ, մեկ ամիս առաջ տեղի ունեցած ԱԺ նախագահի ելույթը, Նիկոլ Փաշինյանի չորս ամիս առաջվա ելույթը, Ֆինանսների նախարարի ելույթը։ Զարմանալի էր, որ տեսանյութերը ընտրողաբար էին ջնջվում։ Իսկ երբ ես ֆեյսբուքյան իմ էջում հայտնեցի, որ «հրաշքով» պահպանվել են ՔՊ–ականների տեսանյութերը, նաև  դրանք ջնջվեցին, այժմ մեր ալիքի բոլոր տեսանյութերը ջնջվել են»:

«Առավոտ»-ի գլխավոր խմբագիր Աննա Իսրայելյանը նաև նկատել է. «Ես չեմ կարող որևէ վարկած բացառել, սկսած նրանից, որ սա պարզ հակերային միջամտություն է  համակարգչի վարակման հետևանքով, վերջացրած այն փաստով, որ մենք ալիքի նկատմամբ հասանելիությունը կորցրել ենք երեկ, ժամը 19։46-ին, իսկ մինչև  19։15-ը մեր ֆեյսբուքյան ու տելեգրամյան էջերում անոնս կար, որ ցուցադրվելու է հարստացած հեղափոխականների մասին լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի ֆիլմը, որը տեխնիկական պատճառներով չհասցրինք ցուցադրել և  անոնսը փոխվեց ու հայտնեցինք, որ ֆիլմը ցուցադրվելու է այսօր, 21։00–ին։ Զուգադիպությո՞ւն է, թե՝ ոչ, չեմ կարող ասել, փաստը այն է, որ  պարզ համընկնում կա»:

Աննա Իսրայելյանը նաև տեղեկացրել է. «Ովքե՞ր են մեր օրերի «Չախչախ թագավորները» ֆիլմը ցուցադրվելու է այսօր՝ «Առավոտի» ֆեյսբուքյան էջում, ու հավելել. «Եթե մեր ֆեյսբուքյան էջի հետ  որևէ բան չպատահի»:

Ի դեպ, կա կարծիք, որ իշխանությունը փորձում է օնլայն տիրույթում պատժել լրատվամիջոցին,  ամենայն հավանականությամբ, պատճառը երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսում «Առավոտ»-ի լրագրողի հնչեցրած ուշագրավ և դիպուկ հարցադրումն է: Հիշեցնենք լրագրողը խնդրել էր Փաշիյնանին հասկանալ, թե ո՞րն է իրական և ո՞րը կեղծ Փաշինյանը, ու, թե ո՞րն է լինելու նրա պատիժն այս երկրային կյանքում:

Ամենայն հավանականությամբ հնչած հարցադրումը ամենևին դուր չի եկել հասցեատիրոջը: