Երևանում մեկնարկել է առաջին համահայկական քաղաքացիական համաժողովը․ ՈՒՂԻՂ

Երևանում մեկնարկել է առաջին համահայկական քաղաքացիական ասամբլեան՝ Ապագա Հայկականի Համաժողովը, որը միջազգայնորեն հայտնի մասնակցային ժողովրդավարության ձևաչափի առաջին կիրառումն է հայկական իրականության մեջ։
Մարտի 10-12-ն ընթացող համաժողովի ընթացքում քննարկելու է «Ապագա հայկականը» նախաձեռնության կողմից սահմանված 15 նպատակներից երեքը՝ «Հայաստան-Սփյուռք միասնականություն», «Պատմական պատասխանատվություն» և «Բնակչության աճ»:
Հայաստանի Հանրապետությունից, Արցախից և Սփյուռքից գրանցված հազարավոր հայրենակիցներից թափանցիկ վիճակահանությամբ և ներկայացուցչական ընտրանքի մեթոդով ընտրվել են 200 մասնակիցներ՝ ապահովելով աշխարհասփյուռ հայության յուրօրինակ մանրակերտը: Սցենարների և ծրագրերի մշակմամբ շուրջ հինգ ամիս զբաղվել են տարբեր երկրներում բնակվող հայկական փորձագիտական համայնքի 100-ից ավելի ներկայացուցիչներ:
«Ապագա հայկականը» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն, նախկին փոխարտգործնախարար,  Արտակ Ապիտոնյանը համաժողովի բացմանն ասաց, որ այսօր սկսում են հանրային քննարկումների կարևոր մի փուլ, որը սովորաբար աշխարհում ընդունված է անվանել քաղաքացիական ասամբլեա ձևաչափով։ «Ապագա Հայկականը» որոշ առումով նոր փորձություն է հայկական դաշտում, և հուսով ենք, որ մեր ընդհանուր ջանքերով կհասնենք հաջողության։

«2020 թվականի տեղի ունեցած պատերազմը և իրադարձությունները ստիպեցին ևս մեկ անգամ խորհել, թե մենք ինչպիսի՞ Հայաստան և հայություն ենք ուզում ունենալ, ինչպե՞ս ենք կառուցելու այդ Հայաստանը։ Մեր կազմակերպած բազմաթիվ քննարկումներում, ի թիվս այլ կարծիքների, հնչում էր կարևոր մի միտք՝ Հայաստանի և հայության արժանապատիվ ապագան հնարավոր է կառուցել միայն աշխարհասփյուռ հայության միասնական ուժերով։ Այսօր նախաձեռնությանը միացել են 110 հազար հայրենակիցներ՝ աշխարհի տարբեր երկրներից։ «Ապագա Հայկական» նախաձեռնությունը ձևակերպել է 15 նպատակ՝ միտված Հայաստանի և աշխարհասփյուռ հայության կայուն զարգացմանը։ Մենք այսօր բացում ենք զարգացման նոր էջ «Ապագա հայկական»-ի պատմության մեջ»,- նշեց Ապիտոնյանը։

Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Տ.Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը ներկայացրեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական ուղերձը մասնակիցներին:

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հանրային նախաձեռնությունը հիմնադրվել է Նուբար Աֆեյանի, Ռուբեն Վարդանյանի, Ռիչարդ Ազարնիայի, Արթուր Ալավերդյանի և այլոց կողմից՝ համախմբելու աշխարհասփյուռ հայության և Հայաստանի բարեկամների ջանքերը, փորձն ու գիտելիքները՝ հանուն Հայրենիքի ու Սփյուռքի ապագայի կերտման: Նախաձեռնությունն արդեն իսկ համախմբել է 110 հազարից ավել համակիրների՝ աշխարհի 108 երկրներից:

Մեկնարկել է «Պատմական պատասխանատվություն» նպատակի ուսումնասիրման փուլը: