Դատարանը մերժել է ոստիկանության հայցն ընդդեմ Գարիկ Գալեյանի

Վարչական դատարանը՝ դատավոր Ռոբերտ Մաքեյանի նախագահությամբ մերժել է ոստիկանության հայցն ընդդեմ Արցախյան երրորդ պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի։ Անցած տարվա նոյեմբերին ոստիկանությունը դիմել էր վարչական դատարան՝ ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով։

Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս տեղեկատվական համակարգից։ Դատարանը որոշումը հրապարակել է երեկ՝ մարտի 7-ին։  Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել վերաքննության կարգով՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարան։
«Դատարանը գտնում է, որ վարչական իրավախախտման արձանագրության մեջ նշված արարքը` Երևան քաղաքի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանության ծառայողի կողմից ներկայացված օրինական պահանջը չկատարելը տեղի չի ունեցել, քանի որ դատաքննությամբ չի հիմնավորվել, թե ինչ պահանջ է ներկայացվել, ըստ այդմ՝ նաև չի հիմնավորվել ոստիկանության ծառայողի կողմից Գարիկ Գալեյանին պահանջ ներկայացրած լինելու հանգամանքը, որպիսի պայմաններում բացակայում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքը` օրինական պահանջի չկատարումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 216-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սույն օրենսգրքի 214-րդ հոդվածով նախատեսված գործերով վարչական դատարանը որոշում է կայացնում անձին վարչական պատասխանատվության ենթարկելու կամ հայցադիմումը մերժելու մասին:

Վերոգրյալի հիման վրա դատարանը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության հայցն անհիմն է և ենթակա մերժման»,-մասնավորապես ասված է որոշման մեջ։