Արցախի հարցը հայ-ադրբեջանական պայմանագրի մեջ պետք է որևէ ձևով արտահայտված չլինի. Ալեն Սիմոնյան

Այսօր՝ փետրվարի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով հարցին, որ Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել իր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ, ի՞նչ առաջընթաց կա, արձագանքեց. «Այս պահին տեղեկություն չունեմ, որ որեւէ արձագանք կա, իսկ հնարավոր հանդիպումների քննարկումներ մշտապես կան, բազմաթիվ առաջարկներ կան բոլոր հնարավոր տեղերից»: Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի որոշ կետերի մասով կոնսենսուս կա Հայաստանի և Ադրբեջանի միջև:

«Ես չեմ կարող դրանք բարձրաձայնել, միայն կարող եմ ասել, որ դրանք միջազգայնորեն ճանաչված սկզբունքներն են: Չեմ կարող բարձրաձայնել, որովհետև դա կարող է խանգարել ընթացող գործընթացին»,-ասաց նա:

Սիմոնյանի կարծիքով՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման փաստաթղթում չպետք է արծարծվի Արցախի խնդիրը, իսկ Հայաստանի սկզբունքային գիծն այն է, որ դրանում Հայաստանը չի կարող ականներ դնել Հայաստանի պետականության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ: «Երկու երկրների պայմանագրերը վերաբերում են երկու երկրների հարաբերություններին: Արցախի հարցը այդ երկու երկրների պայմանագրի մեջ պետք է որևէ ձևով արտահայտված չլինի:

Հիմա քննարկում է գնում, թե վերջնական ինչ տեքստ կստացվի… միշտ երբ մի կողմը մի բան է առաջարկում, հակառակ կողմը նույնպես ինչ-որ բան է առաջարկում: Մենք պետք է հասկանանք՝ արդյոք մեր ժողովրդի, Արցախի ժողովրդի շահերից բխո՞ւմ է, որ այս փաստաթղթում մենք ունենանք որևէ նման բան: Թող չստեղծվի տպավորություն, որ այդ պայմանագրով փորձում ենք որևէ ձևով հետ կանգնել Արցախի շահերի պաշտպանությունից: Արդյոք նոր դրույթ դնելով հայ-ադրբեջանական  խաղաղության պայմանագրի մեջ, օրինակ չեղյալ չե՞նք հայտարարի նոյեմբերի 9-ի փաստաթղթում տեղ գտած մեզ համար և Արցախի ժողովրդի համար կարևոր արձանագրումները, որոնց տակ կա Ադրբեջանի նախագահի ստորագրությունը»: