Գրիգորի Խաչատուրովն այդ գույքի ձեռքբերման հետ որևէ առնչություն չունի. փաստաբան

Բանակի գեներալ, 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովը, երեկ՝ ժամը 20:00-ից անազատության մեջ գտնվելով, սրտանոթային հիվանդությունների հետ կապված դեղամիջոցները չի ստացել: Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանը:

Փաստաբանն ասաց, որ սնունդ նույնպես հնարավոր չի եղել փոխանցել. «Ես Մարդու իրավունքների պաշտպանին զանգել եմ, էական արձագանք չեղավ, ոչ մարդ եկավ, ոչ էլ այդ հարցը լուծվեց»:

Անդրադառնալով քրեական գործին՝ փաստաբանն ասաց, որ այն առնչվում է Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի վերաբերյալ քրեական գործին.

«Ըստ էության նույն գործն է, մի քանի գործ է հարուցված, միացված է իրար: Ազգային ժողովում հնչած միջնորդությամբ նշված դեպքի հանգամանքերի հետ որեւէ առնչություն չունի: Այսինքն՝ այնտեղ պաշտոնական դիրքն օգտագործելով, չարաշահելով պատճառված վնասի մասին է խոսքը, ինչ-որ գույքեր օտարելու, այստեղ այդ գույքերից մեկը ձեռք բերելը որակվել է որպես փողերի լվացում»:

Փաստաբանն ասաց, որ գործի վաղեմության ժամկետի հետ կապված խնդիր կա, խոսքը մոտավորապես 14 տարվա մասին է. «Մոտավորապես 14 տարի եւ մի քանի օր առաջ տեղի ունեցած իրադարձություն է, տվյալ դեպքում 15 տարի է վաղեմության ժամկետը»:

Ենոքյանն ասաց, որ քրեական գործը վերաբերում է զորամասի տարածքի գնմանը: Խոսքը Արարատի մարզի Արմաշ համայնքի տարածքում գտնվող զորամասի մասին է, և Գրիգորի Խաչատուրովը որեւէ առնչություն չունի այդ գույքի ձեռքբերման հետ:

«Այդ 18 միլիոն վարկային գիծը տրամադրվել է մեկ այլ գույքի գրավադրմամբ, այսինքն՝ Վանաձորում Խաչատուրովին պատկանող գույքը դրված է եղել գրավ, դրանով վարկային գիծ է տրամադրված եղել 18 միլիոնի: Հետո այս գույքը որպես գրավի լրացուցիչ միջոց պահանջվել է բանկի կողմից: Դա չի կարող որակվել որպես փողերի լվացում»,-հավաստիացրեց փաստաբանը:

Հակակոռուպցիոն դատարանն քննում է բանակի գեներալ, 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու մասին միջնորդությունը:

Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից 2023 թվականի փետրվարի 20-ին հսկող դատախազին միջնորդություն է ներկայացվել 2006-2010 թվականներին ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) համար. միջնորդությունը հսկող դատախազի կողմից բավարարվել է: Նույն օրը մեղադրանք է ներկայացվել Խաչատուրովին, նա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածով սահմանված հիմքով, այն է՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար, ձերբակալվել է: