Ադրբեջանը կրկին խափանել է Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը

Ադրբեջանը կրկին խափանել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը:

«Արցախգազ» ընկերությունը հայտնում է, որ հանրապետություն գազ չի մատակարարվում և ներկայումս օգտագործվում է խողովակներում առկա գազը:

Հիշեցնենք, որ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Ստեփանակերտ-Գորիս-Երևան միջպետական մայրուղու Շուշի-Քարին տակ խաչմերուկը՝ Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախի Հանրապետություն։

Թշնամին կտրել է Արցախը սնուցող միակ բարձրավոլտ էլեկտրագիծը, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների։ Պարբերաբար անջատում է ինտերնետ կապը, խափանում գազամատակարարումը։

Թշնամու կողմից Արցախի շրջափակումը շարունակվում է։