Սաուդյան Արաբիան դեռ պատրաստ չէ Թեհրանի հետ հարաբերությունների կարգավորմանը. Իրանի ԱԳ նախարար

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ Թեհրանը վճռական է տրամադրված՝ վերականգնելու հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ, բայց, կարծես, Էր Ռիադը պատրաստ չէ դրան, հաղորդում է Mehr-ը:

«Սաուդյան Արաբիան դեռ պատրաստ չէ վերադառնալ նորմալ հարաբերությունների։ Մենք ունենք կամք՝ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Եթե Սաուդյան Արաբիայի կողմից նման մտադրություն նկատվի, հարաբերությունների կարգավորումն արագ և հասանելի կլինի»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ Իրանն ու Սաուդյան Արաբիան կարևոր և դրական բանակցությունների հինգ փուլ են անցկացրել Իրաքի մայրաքաղաք Բաղդադում, և երկու երկրների արտգործնախարարները կարծում են, որ բանակցությունները պետք է շարունակվեն։

Որպես առաջին քայլ, ինչպես նշել է Իրանի ԱԳ նախարարը, Իրանի Մեշհեդ քաղաքում և Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում երկու կողմերի գլխավոր հյուպատոսությունները պետք է վերաբացվեն։

Իրանցի բարձրաստիճան դիվանագետը մատնանշել է դեկտեմբերին Ամմանում սաուդցի գործընկերոջ հետ իր կարճատև բանակցությունները և նշել, որ երկու կողմերն էլ ընդգծել են, որ Թեհրանի և Էր Ռիադի միջև հարաբերությունների վերականգնումը դրական ազդեցություն կունենա երկու երկրների և ամբողջ տարածաշրջանի վրա: