Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելը արցախահայության բնաջնջման ադրբեջանական քաղաքականության մաս է

Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից փակելը և Արցախը շրջափակելը, 120,000-ից ավելի մարդ մեկուսացման մեջ թողնելը որևէ բնապահպանական նպատակ չունի. սա արցախահայության բնաջնջման ադրբեջանական քաղաքականության մաս է։ Ավելին, գազամատակարարման դադարեցմամբ Ադրբեջանն Արցախին կանգնեցրել է հումանիտար աղետի առաջ, ինչը հենց այդ քաղաքականության շարունակությունն է։

Երեկ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի կոչով միացել էինք Ադրբեջանի կողմից ճանապարհը փակելու դեմ իրականացվող ակցիաներին Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամների երկրների դեսպանատների, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ու ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակների դիմաց»:

Հիշեցնենք, որ, քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, որոնք ներկայացել են իբր բնապահպաններ, դեկտեմբերի 12-ի առավոտյան փակել են ՍտեփանակերտԳորիս ավտոճանապարհը։ Նրանք տարածքում՝ հենց ԳորիսՍտեփանակերտ ճանապարհին, վրաններ են տեղադրել։

Նշենք նաև, որ դեկտեմբերի 13-ին երեկոյան ժամերին Ադրբեջանը դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը։ Եղանակային նման պայմաններում երկնագույն վառելիքի մատակարարման դադարեցումը հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն է Արցախի խաղաղ բնակիչների դեմ: