Ստեփանակերտի ծննդատունը սարքավորումների խնդիր կարող է ունենալ, ջեռուցում չկա, պաշարներն էլ անսահմանափակ չեն (տեսանյութ)

Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին, որով Արցախ էր հասնում սննդամթերք, բժշկական պարագաներ և այլ անհրաժեշտ իրեր, փակ է արդեն 4 օր։ Արցախը հումանիտար աղետի շեմին է, ահազանգում են պատասխանատուները։ Արդեն 2-րդ օրն է, Ստեփանակերտի ծննդատունը նաև ջեռուցման խնդիր ունի. գազ չկա։

Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի տնօրեն Վարդգես Օսիպովն ահազանգում է՝ եթե ճանապարհը շարունակի փակ մնալ՝ կենտրոնը նաև բժշկական պարագաների և սարքավորումների հետ կապված լուրջ խնդիրներ կունենա։

«Առայժմ մեր աշխատանքը շարունակվում է առանց խափանումների՝ մեր ունեցած բժշկական պաշարի շնորհիվ, բայց այդ պաշարներն անսահմանափակ չեն, ուստի որոշ ժամանակ անց մենք կարող ենք ավելի լուրջ խնդիրների բախվել»,- ասել է Վարդգես Օսիպովը։

Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում այս պահին 14 երեխա և մայրիկ են գտնվում։ Ինտենսիվ հսկողության և թերապիայի բաժնում նույնպես նորածիններ կան։ Էլեկտրական ջեռուցիչներ են միացված, բայց, միևնույն է, ծննդատանը պահանջվող ջերմաստիճանը չի ապահովվում:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12–ին, առավոտյան ժամը 10:30-ի հատվածում, քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդմամբ, դեկտեմբերի 13-ից, Ադրբեջանը դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը։

Արցախի Հանրապետությունում առաջացել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկ և սեղմված գազի պակաս։ Վառելիքային ճգնաժամ չառաջանալու համար ԱՀ կառավարությունը տնտեսվարողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ անցնելու խնայողական ռեժիմի: Տեղաշարժի արգելափակման պատճառով 1100 անձ, այդ թվում ավելի քան 270 երեխա չեն կարողանում տուն վերադառնալ։