Բորելի հետ հեռախոսազրույցում Ամիր Աբդոլահիանը նշել է, որ Իրանը կպատասխանի պատժամիջոցներին և միջամտություններին
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանն ասել է. «Մենք կպատասխանենք պատժամիջոցներին և միջամտություններին»: Գրում է ParsToday–ը:
Հեռախոսազրույցի վերաբերյալ թվիթերյան գրառման մեջ Աբդոլահիանը նշել է. «Եթե ԱՄՆ-ը և Եվրոեռյակ երկրները կարծում են, թե ճնշումներով և տարբեր միջոցներով կարող են զիջումներ ստանալ բանակցություններում, միանշանակ սխալվում են»։
Ավելի վաղ, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին, այս կապակցությամբ ասել էր. «Ամերիկյան պաշտոնյաները գիտեն, որ Իրանը չի ցանկանում բանակցություններ վարել և զիջումների գնալ ճնշման և սպառնալիքների ներքո: Համաձայնագիրն ունի իր տրամաբանությունը, և ՀԳՀԾ-ի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը հստակ է»:
Վիեննայում ամիսներ տևած բանակցությունների ընթացքում պարզ դարձավ, որ ներքին խնդիրների և սիոնիստական ռեժիմի ճնշման պատճառով, Սպիտակ տունն ի վիճակի չէ որոշում կայացնել միջուկային համաձայնագրին վերադառնալու վերաբերյալ, ուստի դիմել է հակաիրանական մեղադրանքների ու ժամկետներ սահմանելու մարտավարությանը:
Բանակցություններին մասնակցող երկրների մեծ մասը ցանկանում է, որպեսզի դրանք ավարտվեն հնարավորինս շուտ, սակայն վերջնական համաձայնության հասնելու համար անհրաժեշտ է ԱՄՆ-ի քաղաքական որոշումը՝ տարաձայնության առարկա մի քանի կարևոր և առանցքային հարցերի վերաբերյալ։

