Ղրղզստանի նախագահը ժամանել է Երևան

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Երևան, որտեղ կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, որը տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ: Օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Սպասվում է, որ նստաշրջանին կմասնակցեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը: Նստաշրջանին կմասնակցի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

ՀԱԽ անդամները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական խնդիրներ և կազմակերպության գործունեությունը միջնստաշրջանային ժամանակահատվածում։ Կարևորագույն հարցերից մեկը կլինի ՀԱՊԿ-ի ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը և Հայաստանին օգնության տրամադրման համատեղ միջոցառումների քննարկումը: ՀԱԽ նստաշրջանի ընթացքում, ինչպես ակնկալվում է, կընդունվի Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը։

Հաշվի առնելով ՀԱՊԿ-ում 2022-2023 թթ. նախագահության անցումը Բելառուսին՝ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կներկայացնի երկրի առաջնահերթությունները, որոնք պետք է իրականացվեն հաջորդ տարի։ ՀԱԽ առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված են ստորագրման մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են խաղաղապահ ուժերին ժամանակակից սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով զինելուն, ՀԱՊԿ-ին ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական պաշտպանության և բժշկական աջակցության համատեղ ձևավորմանը, ինչպես նաև «Наëмник» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների համալիրին տարածաշրջանային հակաահաբեկչական գործողության կարգավիճակ տալը։ Կքննարկվի ՀԱՊԿ 2023 թվականի բյուջեն։ Առաջիկա ռոտացիայի հետ կապված՝ 2023 թվականի հունվարի 1-ից Հավաքական անվտանգության խորհուրդը կքննարկի կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցը։