Արևմտյան տարբերակը նշանակում է կատարյալ բնաջնջում․ ինչո՞ւ են մեզ քար ծամել տալիս (տեսանյութ)
Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է քաղաքական վերլուծաբան Աննա Աբրահամյանը։
Աննա Աբրահամյանը համապարփակ վերլուծություն կատարեց հայկական երկու պետականությունների շուրջ ստեղծված իրավիճակի, Հայաստանին առաջարկվող խաղաղության պայմանագրի ռուսական և արևմտյան (Ամերիկյան) տարբերակների, «Վալդայի» ակումբում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանին և Արցախի վերաբերող շեշտադրումներին ու հստակ մեսիջներին, հայաստանյան իշխանությունների թուրքանպաստ և հայակործան քաղաքականությանը։
Վերլուծաբանի խոսքով՝ արևմտյան տարբերակը նշանակում է արցախահայության ցեղասպանություն և հայության բնաջնջում․ «Իրենց տարբերակը մաքսիմալ գնում է ուղղակի հակընդդեմ այն ամենի, ինչը կարելի է անվանել հայկականություն, դա միայն աշխարհագրական տարածք չի, նման չակերտավոր խաղաղության համաձայնագրի լուծմամբ մենք խաչ ենք քաշելու մեր գոյաբանության վրա որպես այդպիսին, ի հակադրություն դրա՝ այն տարբերակը, որը Մոսկվան է միջնորդավորում,․․․ ըստ էության չնահանջելու տեսլականն է դնում սեղանին ի լուր աշխարհի», – ընդգծեց բանախոսը՝ հավելելով, որ «Վալդայ»-ում երեկվա ելույթը տալիս է աշխարհաքաղաքական վեկտորի վերծանում արդեն մի քանի տարի շարունակ, սա հերթական շրջադարձային իր ելույթներից էր և հատուկ ընդգծված էր Հայաստանի հիմնախնդիրը, արցախահայության հիմնախնդիրը և «տրվեց այն ուրվագիծը, ըստ որի՝ Ռուսաստանի Դաշնությունը հետամուտ է լինելու իր շահերի ապահովմանը, այստեղ ուղղակի մենք որպես հայ հասարակություն, աշխարհի որ անկյունում էլ ապրելիս լինենք, պետք է հասկանանք, որ մենք Ռուսաստանի Դաշնության տարածաշրջանային շահերի տեսլականի հետ ավելի ընդհանուր շահերի տեսլական ունենք, քան այն, ինչ ներկայացնում է դեմոկրատների գլոբալ-նեոլիբերալ թևի ներկայացրած վաշինգտոնյան տեսլականը»։
Բանախոսն ընդունում է, որ կարող են չընդունել ռուսներին, համարելով, որ նրանք վատն են և այլև, բայց արդյո՞ք կարող են այդ նույն եռանդը ներդնել այն ուղղությամբ, որ գոնե Վաշինգտոնի առաջարկածը լինի կես մետր ավելի հայամետ, քան այն, ինչ ինքն է ներկայացնում․ «Ի՞նչ է նշանակում Արցախ Ադրբեջանի կազմում, ինչո՞ւ դրա դեմ չեն գործում այդ ուժերը, ինչո՞ւ ամենը, ինչ առաջարկվում է Արևմուտքից՝ ժողովրդավարության այդ գեղեցիկ փայլփլուն թղթով, որն այդպիսին էլ մնում է, իր մեջ ոչինչ չկա, իր մեջ քար է․․․», ընդգծեց Աննա Աբրահամյանը՝ շարունակելով, որ «այսօրվա թուրքական խունտան չի փորձում Արևմուտքին ոչ միայն հակադարձել, այլև ավելին փորձել պոկել»։
Մանրամասները՝ տեսանյութում

