Էդգար Ղազարյանի նկատմամբ բռնությունից օրուկես հետո էլ «իրավապահ» կոչվածները չեն կազմել նրա վրա հարձակվողների ֆոտոռոբոտները
Է՞, «իրավապահ» կոչվածների, ինչպես ասում են, սրտերը տա՞ք է հարուցված քրեական գործի, դրանով կասկածյալների կամ հասարակական- քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին մարմնական վնասվածքներ պատճառած անձանց բացահայտման վրա, որ նրա վրա հարձակվողների ֆոտոռոբոտները կազմեին…
Ձևականորեն մի քրեական գործ հարուցել են (ի վերջո, դեպքն եղել է, անժխտելի է, «Էրեբունի» հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, չէին կարող չհարուցել), և առանձնապես չենք զարմանա, եթե քնացնեն և այդպես էլ չբացահայտեն Էդգար Ղազարյանի վրա հարձակվողներին:
ՔՊ-ում մեկը կա, որքան գիտեմ, հանրությանը հայտնի «Խոզ» մականվամբ: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կանեին «իրավապահ» կոչվածները, եթե ինչ-որ անձինք նրա վրա հարձակված լինեին, փորձեին գլուխը կոտրել, մի խոսքով, ճիշտ նույն վնասվածքները պատճառեին, ինչ Էդգար Ղազարյանին են պատճառել… Երևի 1-2 ժամում կբացահայտեին հարձակվողներին, գետնի տակը լինեին, գետնի տակից էլ կհանեին, ոստիկանությունից բացի, գործին «ազգային անվտանգության ծառայություն» կոչվածն էլ կխառնվեր, հատուկ ջոկատայիններին գործի կդնեին, դիմակավորված, ինքնաձիգներով ու չգիտես էլ ինչով զինված հաստավիզները նրանց կծեփեին պատերին, կփռեին ասֆալտին, որ «Խոզ»-ի ու Նիկոլի սրտերը գոհանային, և այս ամենը դեռ քիչ է, «Հանրային» կոչվածով, «02»-ով էլ ցույց կտային…
Բայց, ինչպես արդեն նշեցինք, օրուկես է անցել ու մինչև հիմա չի կատարվել տվյալ պարագայում առավել կարևոր օպերատիվ- հետախուզական գործողություններից մեկը. «իրավապահ» կոչվածները, ինչպես տեղեկացանք հենց տուժողից` Էդգար Ղազարյանից, մինչ այս պահը չեն դիմել իրեն և իր մասնակցությամբ, օգնությամբ չեն կազմել հարձակվողների ֆոտոռոբոտները: Ընդգծենք, որ դրանով իսկ նվազեցվել է նրանց կամ հանցագործության բացահայտման հնարավորությունը
Խնդիրը նաև այն է, որ Ղազարյանի վրա հարձակված անձինք, որոնք, ըստ նրա, երկուսն են եղել, հարձակվել են հետևից, այն բանից հետո, երբ հասարակական- քաղաքական գործիչն անցել է նրանց մոտով ու միայն անցնելիս թռուցիկ տեսել նրանց, նրանց դեմքերը` չիմանալով, թե վայրկյաններ հետո ինչ է տեղի ունենալու: Այսինքն` նրանց դեմքերը Ղազարյանի հիշողության մեջ այնքան էլ լավ, հստակ չեն տպավորված, ինչպիսին կլիներ հարձակվողների մտապատկերն այն դեպքում, եթե Ղազարյանը նախապես իմանար, որ նրանք քիչ հետո հարձակվելու են իր վրա, կամ հարձակումը լիներ դիմացից:
Տուժողից բացատրություն, թերևս նաև արդեն ցուցմունք վերցրած ոստիկանները, քննիչը Ղազարյանից տեղյակ են այս ամենին, վերը նշված մանրամասներին, հետևաբար շատ լավ էլ իմացել են, որ նման պարագայում առավել կարևոր է դառնում Ղազարյանի նկատմամբ բռնություն կատարած անձանց ֆոտոռոբոտները կազմելը: Ընդ որում, ոչ միայն կարևոր, այլև առաջնային գործողություններից մեկը, քանի որ մարդու օպերատիվ հիշողությունը երկարատեև չէ, ժամանակի ընթացքում մտապատկերները խունանում են դառնում աղոտ, գլխին հարվածներ ստացածի պարագայում թերևս ավելի արագ… Իմացել են այս ամենը, բայց, այդուհանդերձ, ֆոտոռոբոտները չեն կազմել, հետևաբար հանցագործության կամ հարձակվողների չբացահայտման պարագայում դրա ամբողջ պատասխանատվությունը ծանրանալու է նրանց ու նրանց ղեկավարների վրա:
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան

