Պուտինը ռազմական դրություն սահմանելու մասին հրամանագիր է ստորագրել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ինքնահռչակ Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում ռազմական դրություն մտցնելու մասին, գրում է ՏԱՍՍ-ը։

Պուտինը հրամանագրի ստորագրման մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի նիստում։

«Ուժի մեջ են մտել Ռուսաստանի Դաշնության կազմում չորս նոր շրջաններ ընդունելու մասին սահմանադրական օրենքները: Կիևի ռեժիմը, ինչպես գիտեք, հրաժարվել է ճանաչել մարդկանց կամքն ու ընտրությունը, մերժում է բանակցությունների ցանկացած առաջարկ, ընդհակառակը, հրետակոծությունը շարունակվում է: Քաղաքացիները մահանում են»,- ասել է ՌԴ նախագահը։

Նա հիշեցրել է, որ այդ տարածքներում «մինչ Ռուսաստանին միանալը ռազմական դրության ռեժիմ էր գործում»։

«Այժմ մենք պետք է օրինականացնենք ռազմական դրության ռեժիմն արդեն ռուսական օրենսդրության շրջանակում: Այդ իսկ պատճառով ես հրամանագիր եմ ստորագրել Ռուսաստանի Դաշնության այս չորս սուբյեկտներում ռազմական դրություն մտցնելու մասին»,- պարզաբանել է Պուտինը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլի Գեորգիևյան դահլիճում ստորագրել է ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերի՝ ՌԴ կազմ ներառման և ՌԴ կազմում նոր սուբյեկտների ձևավորման մասին պայմանագրերը: