ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ գոհ է ՄԱԿ-ի հետ համագործակցության զարգացումից

ՀԱՊԿ-ը գոհ է ՄԱԿ-ի հակաահաբեկչական կառույցների հետ համագործակցության զարգացումից, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Երեքշաբթի Դուշանբեում մեկնարկել է «Միջազգային և տարածաշրջանային համագործակցությունը սահմանների անվտանգության և կառավարման ոլորտում ահաբեկչության դեմ պայքարի և ահաբեկիչների տեղաշարժը կանխելու նպատակով» թեմայով բարձր մակարդակի համաժողովը։

Այն կազմակերպվել է ՄԱԿ-ի ահաբեկչության դեմ պայքարի վարչության, Տաջիկստանի կառավարության, Կենտրոնական Ասիայի համար կանխարգելիչ դիվանագիտության տարածաշրջանային կենտրոնի, ԵԱՀԿ-ի և ԵՄ-ի հետ համատեղ:

«Մենք գոհ ենք տվյալ ուղղությամբ ՄԱԿ-ի հակաահաբեկչական վարչության, ինչպես նաև ՄԱԿ-ի Կենտրոնական Ասիայի համար կանխարգելիչ դիվանագիտության տարածաշրջանային կենտրոնի հետ մեր համագործակցության զարգացումից՝ Սահմանային անվտանգության և վերահսկողության ծրագրի և «Դեպի Համատեղ գործողությունների ծրագրի իրականացում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի ահաբեկչության դեմ պայքարի գլոբալ ռազմավարության համաձայն»,- համաժողովին իր ելույթում ասել է Զասը։