Ռուսաստանը հրթիռակոծել է Կիևը, Նիկոլաևը, Դնեպրը, Կրիվոյ Ռոգը, Ժիտոմիրը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է ռուսական ուժերի կողմից Ուկրաինայի քաղաքների զանգվածային հրետակոծություններին՝ ասելով, որ Ռուսաստանի Դաշնությունն իր համար ոչինչ չի փոխի նման գործողություններով։ Այդ մասին նա հայտարարել է հոկտեմբերի 18-ի առավոտյան։
«Շարունակում են անել այն, ինչ անում են լավագույնս՝ ահաբեկել և սպանել խաղաղ բնակիչներին, Նիկոլաևում հակառակորդը C-300 հրթիռներով ավերել է բնակելի շենք, մարդ է մահացել»,- գրել է Զելենսկին՝ հրապարակելով Նիկոլաևում տեղի ունեցած ավերածությունների տեսանյութը։
Ինչպես գրում է korrespondent.net-ը, այսօր առավոտյան հարվածներ են հասցվել Ուկրաինայի տարբեր քաղաքներին։ Այսպիսով, պայթյունները որոտացել են Դնեպրում, երկու հարված է եղել էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտի վրա: Այստեղ զոհերի թիվը հասել է վեցի:
Հաղորդվել է նաև Խարկովում պայթյունների շարքի մասին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ գրոհի է ենթարկվել քաղաքի արդյունաբերական ձեռնարկություններից մեկի թաղամասը։
Բացի այդ, վաղ առավոտյան Կրիվոյ Ռոգում պայթյուն է որոտացել։ Հաղորդվում է, որ քաղաքի վրայով ծխի սյուն է բարձրանում։
Իսկ Ժիտոմիրում պայթյունից հետո էլեկտրաէներգիան ու ջուրն անջատվել են։
Հոկտեմբերի 18-ին պայթյուններ են որոտացել նաև Կիևում. ռուսական հրթիռները խոցել են ձախ ափին գտնվող էլեկտրակայաններից մեկը, որից հետո հրդեհ է բռնկվել, հայտնում են թելեգրամյան ալիքները։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը փետրվարի 24-ին հատուկ ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում։ Նախագահ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն անվանել է «մարդկանց պաշտպանությունը, որոնք ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնությունների և ցեղասպանության»: Դրա համար, ըստ նրա, նախատեսվում է իրականացնել «Ուկրաինայի ապառազմականացում և ապաազգայնացում», պատասխանատվության ենթարկել բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասում «քաղաքացիների դեմ արյունալի հանցագործությունների համար»։



