Սթարմուսն սկսել է համահայաստանյան գիտական արշավը․ Հայաստանում են Նոբելյան մրցանակակիրներ, տիեզերագնացներ, աշխարհահռչակ երաժիշտներ

STARMUS-ը սկսել է իր համահայաստանյան գիտական արշավը, որին ներգրավված են շուրջ 5 տասնյակ գիտնականներ, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ, աստղագնացներ, արտիստներ ու երաժիշտներ։
«Սթարմուս փառատոնի կայացումը Հայաստանում այլևս իրականություն է»,- փառատոնի մեկնարկին այսպես է սկսել իր խոսքը աշխարհահռչակ գիտնական, Սթարմուս փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը։
«Հպարտ եմ, որ իմ հայրենի երկրում կարողացանք այսպիսի շքեղ ու իրապես համաշխարհային մասշտաբի իրադարձության նախաձեռնողը լինել։ Հուրախություն ինձ՝ Սթարմուս-ի նման համաշխարհային փառատոնի հեղինակավոր խորհրդի՝ Հայաստանում հաջորդ փառատոնն անցկացնելու որոշմանը նպաստեց երկրի պատմականորեն ամրագրված հարուստ գիտական ժառանգությունն ու ներկայումս՝ զարգացումներն այս ուղղությամբ։ Իսկապես, այսպիսի փոքր երկրում այսքան աշխարհահռչակ գիտնականներ ու հայտնագործություններ են եղել ու շարունակում են իրագործվել։ Սթարմուսն այստեղ է՝ գիտությունը որպես նոր թրենդ, մտածողություն փոխող և դեպի ապագան նայող ուղղություն ներկայացնելու համար, և համոզված եմ՝ երիտասարդության (և ոչ միայն) համար ոգեշնչման նոր աղբյուր է հանդիսանալու»,- ասել է Սթարմուս փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը։

STARMUS փառատոնը Գարիկ Իսրայելյանը հիմնադրել է լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյի հետ, որը նույնպես կպատվի իր ներկայությամբ և սեպտեմբերի 7-ին աննախադեպ համերգային ծրագրով հանդես կգա փառատոնի մասնակիցների համար։ Փառատոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրան բեմում կընկերակցեն այնպիսի համաշխարհային աստղեր, ինչպիսիք են Սերժ Թանկյանը, Գրեհեմ Գոուլդմանը, Դերեկ Շերինյանը, Սայմոն Ֆիլիպսը, Ռիք Ֆիերաբրաչին, Ռոն Թալ «Բամբլֆութը», Ջեֆ Սքոթ Սոտոն, Մոնսերատ Մարտին, Ջիվան Գասպարյան կրտսերը, Նեմրան, Գոռ Սուջյանը, Տավուշի Թեմի Մանկապատանեկան Երգչախումբը և նրանց կնվագակցի Оպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը:

STARMUS-ի կարևորագույն իրադարձություններից է Սթիվեն Հոքինգի մեդալի արարողությունը։ Փառատոնի պաշտոնական բացման ժամանակ` SONIC UNIVERSE (թարգմանաբար՝ Երաժշտական տիեզերք) սթարմուսյան ավանդական համերգային ծրագրի ընթացքում մեծ բեմից հայտարարվել են 2022 թվականի դափնեկիրները, ովքեր գիտության հանրայնացման ուղղությամբ համաշխարհային ներդրում ունեցած գիտնականները։ Նրանք են Queen խմբի լեգենդար կիթառահար Բրայան Մեյը, պոետ և նատուրալիստ Դայան Աքերմանը և պրիմատոլոգ և մարդաբան, NASA-ի հաղորդակցության բաժնի հիմնադիր Ջեյն Գուդոլը։
Արարողությանը ներկա Բրայան Մեյին մեդալը հանձնել է երաժիշտ Ռիք Վեյմանը:
Sonic Universe համերգային ծրագիրը մեկ բեմում՝ Մարսի շուրջ միավորել էր Ռիք Վեյքմանի, Քրիս Հեդֆիլդի, Sons of Apollo խմբի, Սերժ Թանկյանի, Տիգրան Համասյանի, Անդրեյ Մակարևիչի պես աշխարհահռչակ երաժիշտների, որոնց նվագակցել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։

STARMUS VI  փառատոնի մասին

STARMUS փառատոնը մինչ այս անցկացվել է Թեներիֆեում (Կանարյան կղզիներ, Իսպանիա), Նորվեգիայում, Շվեյցարիայում:

Հայաստանում STARMUS VI գիտության և արվեստի փառատոնը անց է կացվում «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով և նվիրված է Մարսի վրա Մարս 3 տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին: Հատկանշական է, որ Մարս 3-ը տեղափոխել է դեպի Կարմիր մոլորակ հայ մեծանուն ինժեներ  Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M (փրոփ-էմ) ռոբոտը։
STARMUS աշխարհահռչակ փառատոնը կապված է Սթիվեն Հոքինգի, Բրայան Մեյի, Ալեքսեյ Լեոնովի և աշխարհահռչակ այլ հայտնի անունների հետ, անցկացվում է 2011 թվականից և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները։