Խոսքը իշխանության հայտարարությունների ընկալման մասին է. ՌԴ ԱԳՆ-ը՝ ՀՀ-ում բողոքի ակցիաների մասին
Եթե խոսում ենք Հայաստանում վիճելի հարցերի` Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վրա ազդեցության մասին, ապա խոսքը ոչ թե պայմանավորվածություններին ընդդիմության վերաբերմունքի, այլ երկրի ղեկավարության հայտարարությունների ընկալման մասին է: Այդ մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը։
Նրա խոսքով, Մոսկվան շահագրգռված է Հայաստանի կայունությամբ և խաղաղ զարգացմամբ, գրում է news.ru-ն։
«Երկրի ներքաղաքական կյանքի բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես իրավական և սահմանադրական դաշտում՝ համապատասխան ժողովրդավարական ընթացակարգերի շրջանակում։ Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական երկխոսության վրա այս գործընթացների ազդեցության հնարավորությանը, խոսքը ոչ թե պայմանավորվածություններին ընդդիմության վերաբերմունքի, այլ Հայաստանի ղեկավարության կողմից որոշակի հայտարարությունների ընկալման մասին է»,- ասել է Զայցևը:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանն ակտիվորեն նպաստում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ առաջին հերթին 2020 թվականի նոյեմբերի 9-ի, ինչպես նաև 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների կատարման միջոցով։ Բացի այդ, Մոսկվան աջակցում է կողմերին խաղաղության համաձայնագրի կնքմանն ուղղված ջանքերում։
Կրեմլը Հայաստանում ընդդիմության հանրահավաքներն անվանել է հանրապետության ներքին գործ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Մոսկվան շահագրգռված է երկրի տարածքում իրավիճակի կայունացմամբ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Հայաստանը Ռուսաստանի գործընկերն է։

