Պեսկովը մեկնաբանել է ռուս-ուկրաինական բանակցությունները

Մոսկվան չի կարող շատ խոստումնալի և բեկումնային համարել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բանակցությունները, դեռ շատ երկար աշխատանք կա անելու։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Ստամբուլում նախօրեին տեղի ունեցած Ռուսաստանի ու Ուկրաինայի բանակցությունների մասին հարցին։ Տեղեկանում ենք ՏԱՍՍ լրատվական գործակալությունից:

«Նախ, իմ գործընկեր Մեդինսկին ավելի մանրամասն կբացատրի: Երկրորդ՝ դրականն այն է, որ ուկրաինական կողմը, համենայնդեպս, սկսել է կոնկրետ ձևակերպել և թղթի վրա դնել այն, ինչ առաջարկում է։ Դեռ շատ անելիքներ կան»,-ասել է նա:

Մեկնաբանելով այն փաստը, որ Ստամբուլում բանակցությունները տևել են ոչ թե երկու, այլ մեկ օր, Պեսկովն ասել է՝ բանակցությունները կայացել են, ավարտվել են, պատվիրակությունները գնացել են իրենց կենտրոններ:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

ԱՄՆ-ը և ԵՄ-ը գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։