Հնդկաստանը կտրուկ ավելացրել է ռուսական նավթի գնումները

2022 թվականի մարտին Հնդկաստանը կտրուկ ավելացրել է ռուսական նավթի գնումները, ասում են  վերլուծաբանները։ Մարտի սկզբից Հնդկաստան է ուղարկվել մոտ վեց միլիոն բարելի հինգ առաքում, ինչը կազմում է 2021 թվականի մատակարարումների մոտ կեսը, ըստ Kpler հետազոտական ​​ընկերության նավթի առաջատար վերլուծաբան Մեթ Սմիթի:

Փորձագետների կարծիքով՝ ապագայում կավելանան Urals նավթի մատակարարումները Չինաստան և Հնդկաստան։ Հիմնական պատճառներից մեկը Brent տեսակի նավթի  համեմատ դրա  զգալի էժանությունն է: Որոշ վերլուծաբանների կարծիքով՝ ապագայում Հնդկաստանը կարող է սկսել ռուսական նավթ գնել մոտ 20 տոկոս զեղչով, որը կկազմի մեկ բարելի դիմաց ավելի քան 20 դոլար։

«Այսօր Հնդկաստանի կառավարության շարժառիթները տնտեսական են, ոչ թե քաղաքական։ Հնդկաստանը միշտ փոխզիջման կգնա նավթի ներմուծման իր ռազմավարության մեջ: Դժվար է չօգտվել 20 տոկոս զեղչից, երբ ներմուծում ես քեզ անհրաժեշտ  նավթի 80-85 տոկոսը, հատկապես համաճարակի և համաշխարհային աճի դանդաղման հետևանքով»,- ասում է Vogel Group խորհրդատվական ընկերության առևտրի ղեկավար Սամիր Կապադիան:

Նրա կարծիքով, Հնդկաստանը անտեսել է Ռուսաստանից  նավթի գնումը սահմանափակելու ԱՄՆ ճնշումը։ Նման դիրքորոշում են որդեգրել նաև չինական ընկերությունները։ Շատ վերլուծաբաններ կարծում են, որ Չինաստանը, որպես նավթի աշխարհի խոշորագույն ներկրողը, նույնպես կավելացնի իր գնումները Ռուսաստանից։ Միջազգային էներգետիկ գործակալության (IEA) տվյալներով՝ 2021 թվականին Չինաստան ռուսական նավթի մատակարարումները կազմել են օրական 1,6 մլն բարել։

«Չինաստանը դեռ ներկրում է ռուսական նավթ և, ամենայն հավանականությամբ, կավելացնի իր գնումները, եթե կարողանա վճարել յուանով և զեղչով: Հիմնականում Ռուսաստանի վրա ճնշում է գործադրվում, քանի որ նա որոշակի դժվարություններ է ունենում իր նավթը վաճառելու հարցում»,- ասում է «Թրանսվերսալ Քոնսալթինգ»-ի նախագահ Էլեն Ուոլդը:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն արդեն հայտարարել է, որ եթե եվրոպական երկրները հրաժարվեն նավթ գնելուց, ապա մատակարարումները կուղղորդվեն Հարավարևելյան Ասիայի երկրներ։ Փոխվարչապետ Ալեքսանդր Նովակն իր հերթին ասել է, որ իշխանությունները խնդիրներ են տեսնում ապրիլին ռուսական նավթի և նավթամթերքի արտահանման պայմանագրում, բայց դրանք կարող են լուծվել։