Իրանի ԻՀՊԿ–ն հայտարարել է, որ Էրբիլում իրենց հրթիռների թիրախը «Մոսադի» օբյեկտներն էին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Էրբիլում իրենց հրթիռների թիրախը «Մոսադի» օբյեկտներն էին։ Այս մասին Tansim գործակալության փոխանցմամբ հայտարարել է ԻՀՊԿ–ի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ իրաքյան ԶԼՄ–ները հայտնել էին, որ կիրակի առավոտյան Իրաքի հյուսիսում գտնվող Էրբիլ քաղաքում ԱՄՆ ռազմաբազային և հյուպատոսությանը հրթիռային հարված է հասցվել։ Ավելի ուշ ԶԼՄ–ները հաղորդագրություն հրապարակեցին այն մասին, որ հարվածի հետևանքով ոչնչացվել է «Մոսադ» իսրայելական հատուկ ծառայության երկու ուսումնական կենտրոն։

«Այս գիշեր Իսրայելի ռազմավարական կենտրոնն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմի արձակած հզոր հրթիռների թիրախ դարձավ», – ասվում է հայտարարության մեջ։

ԻՀՊԿ–ը վստահեցրել է նաև, որ Իսլամական Հանրապետության անվտանգությունը կարմիր գիծ է իրանական ԶՈւ–ի համար։